Իրանի հարեւանների շարքում Հայաստանը հատուկ տեղ է գրավում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը զրուցել են հայ-իրանական հարաբերությունների զարգացման միտումների եւ ընթացքի մեջ գտնվող համատեղ ծրագրերի շուրջ: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ գոհ է երկկողմ հարաբերություններում առկա զարգացումներից եւ նշել, որ մասնավորապես ենթակառուցվածքների ոլորտում մեկնարկած գործընկերությունը երկու երկրներին կապում է ավելի հեռանկարային ծրագրերով: ՀՀ նախագահը նաեւ նշել է, որ իրանական եւ հայկական կողմերը մեծ հետեւողականություն են ցուցաբերում համատեղ ծրագրերը ժամանակին եւ բարձր որակով իրականացնելու գործում: Իրանի Մեջլիսի նախագահի խոսքով, փաստը, որ հայ-իրանական հանդիպումների ժամանակ քննարկվում են ոչ թե խնդիրներ, այլ պայմանավորվածություններից բխող անելիքներ, ինքնին վկայում է հարաբերությունների զարգացման աստիճանի մասին: Նա ասել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանի ձեռք բերած հարեւանների շարքում Հայաստանն առանձնահատուկ տեղ է գրավում: Որպես համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու միջոց, կողմերը նշել են միջխորհրդարանական կապերը եւս աշխուժացնելու անհրաժեշտությունը` նկատելով, որ խորհրդարանականներն ակտիվությամբ դեռեւս զիջում են գործադիրին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---