ՀՀ և ԱՄՆ միջև կկնքվի առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր

ՀՀ և ԱՄՆ միջև կկնքվի առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարութունների միջև կկնքվի առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր, որը մշակվել է ՀՀ և ԱՄՆ միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացման ու առևտրատնտեսական գործակցության ընդլայնման նպատակով: Այս մասին որոշման նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության ապրիլի 30-ի նիստում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ համաձայնագրի շուրջ բանակցությունները շատ երկար են տևել: Այն ԱՄՆ-ի կողմից այլ երկրների հետ կնքված տիպային փաստաթուղթ է: Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որը կնախագահեն հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ամերիկյան կողմից՝ ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակը:

Համատեղ խորհրդի նպատակներն են երկու կողմերի առևտրային և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը և հնարավոր խոչընդոտների բացահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները, ինչպես նաև՝ հարցեր, որոնք ներառված չեն երկրների միջև կնքված ներդրումային համաձայնագրում, գրում է Panorama.am-ը:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եզրակացության՝ համաձայնագիրը համահունչ է ՀՀ կողմից որդեգրած արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին և նպատակներին:

Բացի այդ կառավարությունը նաև հավանություն է տվել ՀՀ կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համաֆինանսավորման համաձայնագրին, ըստ որի կառավարությունը պարտավորվում է ՄԱԶԾ-ին իբրև համաֆինանսավորում հատկացնել 434 հազար 500 եվրո: Ծրագիրը, որն ուղղված է հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն» և «Սադախլո» անցման կետերում սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշների ներդրմանը, մեկնարկել է 2013 թվականին և կավարտվի 2015թ. մայիսի 31-ին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---