Ոռոգման ջուրը մայիսին կմատակարարվի անհատույց

Ոռոգման ջուրը մայիսին կմատակարարվի անհատույց

PanARMENIAN.Net - Քանի որ ՀՀ որոշ տարածաշրջաններում վեգետացիայից առաջ անհրաժեշտ է խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալած հողերի լվացում, գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով կառավարությունն այսօր՝ ապրիլի 30-ի նիստում ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա ջրօգտագործողների 80 հազար հա հողատարածություններին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

ՀՀ ՏԿ և ԱԻՆ հիդրոմետ ծառայության տվյալներով գետերի ջրահավաք ավազաններում առկա է բավական հաստ ձնաշերտ, ինչպես նաև հավանական է, որ գարնանը լինեն առատ տեղումներ և վարարումներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով հարցը քննարկվել է ՀՀ նախագահի, գյուղատնտեսության նախարարության, ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ: Որոշվել է մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու նպատակով «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին թույլատրել ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու, ինչը կարևորագույն աջակցություն է հողօգտագործողներին: Վարչապետը ջրտնտպետկոմին հանձնարարել է մեծ պատասխանատվություն ցուցաբերել և հետևել միջոցառման արդյունավետությանը:

2014-ի դեկտեմբերին տարեվերջյան ասուլիսին գյուղնախարար Սերգո Երիցյանը որպես գյուղատնտեսության ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը նշել էր ոռոգման համակարգը՝ հավելելով, որ 2014-ին սակավաջրության պատճառով գյուղոլորտում լուրջ խնդիրներ առաջացան, ուստի դրա համար ժամանակ է անցնել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը:

«Արդեն հանրապետությունում կան տնտեսություններ, որոնք անցել են այդ համակարգին, սակայն դրանք դեռևս շատ փոքր թիվ են կազմում: ՀՀ նախագահի հանձնարարականը կա, որպեսզի հաջորդ տարվանից Հայաստանում իրականացվի կաթիլային ոռոգման համակարգերի տեղական արտադրություն: Ընթանում են բանակցություններ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերությունների հետ, որպեսզի կարողանանք Հայաստանում ստեղծել այդ համակարգերը»,- ասել է Ս.Կարապետյանը:

Նա նշեց նաև, որ անհրաժեշտ է գյուղացիական տնտեսություններին տալ նպատակային վարկեր՝ ցածր տոկոսադրույքով, որպեսզի իրենք հնարավորություն ունենան տնտեսություններում տեղադրել կաթիլային համակարգերը: «Այսօր բոլոր երկրներում ջրային ռեսուրսների պակաս կա: Մենք ևս ստիպված ենք մեր երկրում այդ խնդրին լուծում տալ»,- ասել է գյուղատնտեսության նախարարը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---