Ձերբակալվել է Վիգեն Աբրահամյանցի սպանության մեջ կասկածվող անձը

PanARMENIAN.Net - Մոսկվայի մետրոյում հայազգի ուսանողի սպանության մեջ կասկածում են ՆԳՆ կուրսանտին: Նիկիտա Սինկովը, որին երեքշաբթի օրը ձերբակալել են Մոսկվայի մետրոյում հայ ուսանող Վիգեն Աբրահամյանցի սպանության կասկածանքով, Մոսկվայի միլիցիայի քոլեջի կուրսանտ է եւ միլիցիայի բարձրաստիճան պաշտոնյաի որդի, գրում է «Կոմերսանտ» թերթը: Ինչպես հաղորդել է թերթը հղում անելով քննության վրա, Սինկովը, որն ազգայնական շրջանակներում հայտնի է Օձ մականունով, «ապացույցների ծանրության ներքո» արդեն խոստովանել է սպանությունը, հայտարարելով սակայն, թե Աբրահամյանցն ինքն է առաջինը հարձակվել է իր վրա եւ որ դա ինքնապաշտպանություն էր: Մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում կատարված սպանության կասկածյալի հետքը հատուկ ծառայությունները կարողացան գտնել օգոստոսի 21-ին Չերքիզովսկայա շուկայում կատարված պայթյունի հետաքննության ընթացքում: Հետաքննության տվյալներով, այդ պայթյունի համար ձերբակալված մոսկվացի ուսանողներ Օլեգ Կոստարեւվը, Իլյա Տիխոմիրովը, Վալերի Ժուկովցեւը եւ նրանց գաղափարախոս Նիկոլայ Կորոլյովը «Ռուսական համազգային միություն» ազգայնական կազմակերպության կողմնակիցները: Ստուգելով մեղադրյալների կապերն այդ կազմակերպության հետ, քննիչները բացահայտեցին եւս մի քանի հանցագործություն, կատարված ազգային ատելության հողի վրա, այդ թվում նաեւ Վիգեն Աբրահամյանցի սպանությունը:



Քննության տվյալներով, ազգայնականների խումբը բազմիցս հարձակումներ է կատարել մետրոյում կովկասցիների դեմ: Այդ խմբի կազմակերպիչն էր Նիկոլայ Կորոլյովը: Ինչպես պարզեցին քննիչները, Աբրահամյանցը սպանվել է Սինկովի կողմից նման ծրագրված հարձակումներից մեկի ժամանակ:

Վ.Աբրահամյանցի ընտանիքի փաստաբան Սիմոն Ծատուրյանցը թերթին տված իր հարցազրույցում համոզվածություն է հայտնել, որ «Վ.Աբրահամյանցի սպանությունից չորս ամիս անց միլիցիային հաջողվեց գտնել իսկական մարդասպանին, եւ բոլորը համոզվեցին, որ դա կենցաղային բախում չի եղել աղջկա պատճառով, այլ նպատակաուղղված ֆաշիստական հաշվեհարդար»: Ընդ որում նա ափսոսանք է հայտնել, որ մարդասպանին չհաջողվեց անմիջապես հայտնաբերել: «Հնարավոր է, այդ դեպքում կհաջողվեր կանխել Չերքիզովսկայա շուկայում կատարված ողբերգությունը»:



Հիշեցնենք, որ, ըստ քննության նախնական վարկածի, սպանության պատճառը կենցաղային վեճն էր աղջկա պատճառով: Այդ կապակցությամբ ապրիլի 24-ին հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվեց դպրոցական Դենիս Կուլագինը, սակայն չորս օր անց նրան ազատեցին առանց մեղադրանք ներկայացնելու: Մոսկվայի կառավարման պետական համալսարանի 17-ամյա ուսանող Վիգեն Աբրահամյանցը սպանվել էր 2006 թվականի ապրիլի 22-ին մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում: Երիտասարդը մահացու վերքեր էր ստացել կրծքի շրջանում: Օգոստոսի կեսին քննությունը Աբրահամյանցի սպանության գործով դադարեցվել էր հանցագործությունը կատարած անձանց չհայտնաբերելու պատճառով, հաղորդում է Լենտա-ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---