«Գազպրոմը» կզեղչի գազի գինը թուրքական մասնավոր ընկերությունների համար

«Գազպրոմը» կզեղչի գազի գինը թուրքական մասնավոր ընկերությունների համար

PanARMENIAN.Net - «Գազպրոմը» ամիսներ տևած բանակցություններից հետո համաձայնվել է զեղչեր տրամադրել մասնավոր թուրքական ընկերություններին, որոնք ներկրում են ռուսական գազմի մեկ երրորդից ավելին: Ըստ «Կոմերսանտի» աղբյուրների, դիսկոնտը կկազմի մոտ 25 տոկոս առաջին եռամսյակում և ևս 15 տոկոս երկրորդ, իսկ մայիսին գինը կնվազի մինչև 260 դոլար 1000 խմ դիմաց` դա թույլ կտա ռուսական ընկերությանը պահպանել իր բաժնեմասը շուկայում: Սակայն «Գազպրոմի» նմանատիպ բանակցությունները Botas պետական ընկերության հետ նախկինի պես փակուղում են, ինչը կասկածի տակ է դնում «Թուրքական հոսք» նախագիծը:

Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», գազ ներկրող մասնավոր թուրքական ընկերությունները` Enerco Enerji, Bosphorus gas, Avrasya gaz, Shell, Bati Hatti, Akfel gas и Kibar Enerji, լարված բանակցություններից հետո այնուամենյանիվ կարողացան զեղչ ստանալ «Գազպրոմից»: Մինչ այդ ընկերությունները ստիպված էին գազի համար վճարել 2014-ի գնով` 374 դոլար 1000 խմ համար, ինչն շատ ավելի թանկ է, քան ընթացիկ շուկայական մակարդակը Եվրոպայում: Ըստ թերթի աղբյուրների, այժմ առաջին եռամսյակում գինը կկազմի մոտ 300 դոլար 1000 խմ դիմաց, իսկ երկրորդ եռամսյակում` մոտ 260 դոլար 1000 խմ դիմաց: Պայմանագրում փոխված է նաև գնագոյացման սկզբունքը. 2014-ին գործող ֆիքսված գնի փոխարեն կողմերը վերադարձել են նավթային ինդեքսավորմանը: Նոր համաձայնագիրը կգործի ետին ամսաթվով հունվարի 1-ից մինչև տարեվերջ, այսինքն «Գազպրոմը» ստիպված կլինի ներմուծողներին վերադարձնել արդեն կատարված վճարումների մի մասը, ըստ «Կոմերսանտի» գնահատականների, դա կկազմի 250-300 մլն դոլար:

Ռուսական գազի ընդհանուր ծավալը մասնավոր թուրք ներկրողների պայմանագրերով տարեկան մոտ 10 մլրդ խմ է հասնում, գազն առաքվում է Ուկրաինայի տարածքով: 2014-ին Թուրքիան «Գազպրոմից» գնել է 27,3 մլրդ խմ գազ, սակայն հիմնական ծավալը Botas-ինն է: Այդ ընկերության հետ «Գազպրոմը» ևս բանակցությունների մեջ է զեղչի վերաբերյալ, որը նախագահ Պուտինն անձամբ խոստացավ Թուրքիային «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման վեաբերյալ պայմանավորվածությունների շրջանակում: Սկզբում ենթադրվում էր, որ մասնավոր ներկրողները զեղչ կստանան «Գազպրոմի» և Botas-ի բանակցությունների ավարտից հետո` մասնավոր ներկրողների համար գինը պակաս պետք է լինի, քան պետական ընկերությունների, որպեսզի նրանք կարողանան աշխատել Թուրքիայի սուբսիդավորվող ներքին շուկայում:

Սակայն «Թուրքական հոսք» գազամուղի կառուցումը հետաձգվում է ռուսական «Գազպրոմի» և թուրքական Botas պետական ընկերության միջև բանակցությունների ձգձգման պատճառով, գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը: Կողմերը պայմանավորվել են զեղչի չափի մասին, սակայն չեն կարողանում համաձայնեցնել, թե համաձայնագրի բանաձևի որ բաղադրիչին այն պետք է վերաբերվի: Պարբերականը նշում է, որ բանակցությունները փակուղում են արդեն մոտ 1,5 ամիս, կողմերը փորձում են ժամանակն իրենց օգտին դարձնել: Ընդ որում կորուստներ են կրում և ռուսական, և թուրքական կողմը. «Գազպրոմը» խողովակաշար իր նավերի պարապուրդի պատճառով արդեն մի քանի հարյուր միլիոն եվրո է կորցրել, իսկ թուրքական ընկերությունը չի կարող գազի զեղչված գինը կիրառել, որի մասին կողմերը պայմանավորվել են, ուստի ստիպված է գնել ռուսական գազը 100 դոլարով ավելի թանկ գնով, քան միջին եվրոպական գինն է:

Թուրքական կողմի վիճակը բարդացնում է նաև լիրայի թուլացումը, որը տարեսկզբից դոլարի համեմատ մոտ 14 տոկոսով արժեզրկվել է, իսկ Անկարայի համար ամենևին ձեռնատու չէ գազի գնի բարձրացումը ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

Այժմ Թուրքիան գնում է ռուսական գազը 370 դոլարով հազար խմ գազի դիմաց:

«Գազպրոմը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ սկսել «Թուրքական հոսքի» կառուցումը, սակայն Անկարան դիմադրում է, որի վկայությունն է` խտացրած գազի ներկրման ավելացումը, որը 50 դոլարով էժան է ռուսականից: Արդյունքում ռուսական առաքումները Թուրքիա ապրիլին նվազել են 38 տոկոսով:

Լրացուցիչ գործոնը, որն արգելակում է նոր համաձայնագիրը, քաղաքականն է, այն է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և նրա այցը Հայաստանի մայրաքաղաք: Անկարայի արձագանքն այդ հայտարարությանը շատ կոշտ էր: Սակայն, ըստ Ալեքսեյ Գրիվաչի, դիվանագիտական դեմարշները չեն կարող քողարկել այն փաստը, որ «թուրքական հոսքը» շահավետ է Թուրքիայի համար: «Բանակցությունների խնդիրը զեղչն է, այն, որ թուրքերը չեն կատարել անհրաժեշտ քայլերը գազամուղի հարցում և ոչ մի համաձայնագիր չեն ստորագրել»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Գազպրոմի» տարեկան շահույթը նվազել է ավելի քան 7 անգամ, սակայն, չնայած դրան, ընկերությունը գրեթե 50 տոկոսով ավելացրել է ղեկավար կազմի վճարումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---