Էրդողանը մերժել է Պուտինի հրավերը. Նա չի մասնակցի Մայիսի 9-ին հանդիսություններին

Էրդողանը մերժել է Պուտինի հրավերը. Նա չի մասնակցի Մայիսի 9-ին հանդիսություններին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Մոսկվայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկիրը Մայիսի 9-ի զորահանդեսին կներկայացնի Թուրքիայի դեսպանը:

Էրդողանի նման որոշման պատճառները չեն նշվում (նախկինում նա չէր բացառում մասնակցությունը հանդիսություններին), հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` հիշեցնելով, որ վերջերս Թուրքիայի նախագահը կտրուկ արձագանքեց իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություններին մասնակցելու որոշմանը:

Ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Երևանում նա հայտարարեց. «Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և մնում է հետևողական. мենք միշտ համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանություններին ոչ մի արդարացում չկա և չի կարող լինել»:

1,5 մլն խաղաղ բնակիչ սպանվեց ու ավելի քան 6 հարյուր հազարը վտարվեց սեփական երկրից ու զանգվածային հետապնդումների ենթարկվեց, ոչնչացվեցին ճարտարապետության անգին հուշարձաններ, հինավուրց գրքեր ու անգին ձեռագրեր այրվեցին: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հայտարարել է ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինը՝ հավելելով.«Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»:

Թուրքիան «դատապարտեց> ՌԴ նախագահի արտահայտությունները, որը ցեղասպանություն անվանեց 1915-ին հայերի եղեռնը Օսմանյան կայսրությունում:

«Չնայած մեր զգուշացումներին և հորդորներին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1915-ի իրադարձությունները գնահատեց որպես ցեղասպանություն: Մենք դա մերժում ենք և դատապարտում»,-ասվում էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Անկարան Պուտինի քաղաքական հայտարարությունը անվանեց «օրինական ուժ չունեցող»:

«Ես շատ վշտացած եմ, որ անձամբ Պուտինն այդպես վարվեց: Մինչ ցեղասպանության մասին հայտարարություններ անելը, Ռուսաստանը թող իր պատմությունն ուսումնասիրի, իր անցյալի, Ղիմի համար պատասխան տա: Թուրքիան ցեղասպանություն չի գործել: Մենք բացում ենք մեր արխիվներն ուսումնասիրության համար, թող Երևանն էլ նույնը անի»,-ասել է Էրդողանը:

Նա հավելել է նաև, որ «Ռուսաստանը նախկինում ևս օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը 1915-ի իրադարձությունները բնորոշելիս»: Պուտինի մասնակցությունը ապրիլի 24-ի միջոցառումներին Թուրքիան անվանեց «Հայաստանի քարոզչական արշավի մաս»: Նա կոչ արեց Ռուսաստանին հրաժարվել իր միակողմանի դիրքորոշումից և սատարել «հայերին և Հայաստանին ուղղված Թուրքիայի բարեկամության և խաղաղության մասին կոչերին»:

Մինչդեռ Կրեմլում Անկարայի բուռն արձագանքը տարակուսանք առաջացրեց:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապրիլի 25-ին հայտարարեց, որ Կրեմլում չեն կարծում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին կարող է առիթ դառնալ Թուրքիայի բացասական արձագանքի համար: Մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը «կապված են անհամար թելերով»: «Այդ միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես ինչ-որ բանի վնասող»,-հայտարարել է Պեսկովը:

Պեսկովը նշեց, որ Հայաստանը ՌԴ կարևոր գործընկերն է, ԵՏՄ անդամ, Ռուսաստանում մեծ հայկական համայնք կա, Մոսկվան և Երևանը կապված են անհամար պատմական կապերով: «Բնական է, որ նախագահն այլ պետությունների նախագահների հետ միասին մասնակցել է Երևանում կայացած հիշատակի միջոցառումներին: Կարևոր է ուշադիր ծանոթանալ նախագահ Պուտինի ելույթին»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---