Մարտին ՌԴ-ից դրամական փոխանցումները 2014-ի համեմատ նվազել են 40%-ով

Մարտին ՌԴ-ից դրամական փոխանցումները 2014-ի համեմատ նվազել են 40%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակով ֆիզիկական անձանց անունով 2015-ի մարտին հանրապետություն է փոխանցվել ավելի քան 83,9 մլն դոլարի դրամական միջոց, որի ծավալը, 2014-ի մարտի համեմատ, նվազել է 33,2 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Միաժամանակ ամսվա ընթացքում Հայաստան կատարված փոխանցումներն ավելացել են 23,2 տոկոսով։ 2015 թ. մարտին Հայաստանից արտերկիր կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է մոտ 32,2 մլն դոլար` 2014 թ. մարտին գրանցված 31,2 մլն դոլարի դիմաց (ամսվա ընթացքում 20 տոկոսի աճ)։ Մուտքերի զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 51,7 մլն դոլար` 2014 թ. մարտին գրանցված 94,4 մլն դոլարի դիմաց (ամսվա ընթացքում 25,4 տոկոսի աճ)։

Հայաստան փոխանցվող դրամական միջոցների ճնշող մասը բաժին է հասնում Ռուսաստանին` հանրապետություն կատարված մասնավոր փոխանցումների համախառն ծավալի 70,7 տոկոսը։

Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները մարտին, 2014 թ. մարտի համեմատ, նվազել են 40,2 տոկոսով և կազմել մոտ 59,4 մլն դոլար (ամսվա ընթացքում 24,4 տոկոսի աճ), իսկ հանրապետությունից դեպի ՌԴ միջոցների արտահոսքն աճել է 19,7 տոկոսով և կազմել 16,9 մլն դոլար (ամսվա ընթացքում 3,8 տոկոսի աճ)։

Հայաստան կատարված դրամական փոխանցումները 2014 թ–ին նվազել են 7,5 տոկոսով` կազմելով 1,73 մլրդ դոլար կամ հանրապետության ՀՆԱ–ի 15,7 տոկոսը։ Նախորդ տարի գրանցված մասնավոր փոխանցումների նվազումը հիմնականում պայմանավորված էր ռուբլու արժեզրկման հետևանքով ռուսական դրամական փոխանցումների կրճատմամբ։ Ռուբլին 2014 թ.–ի սկզբից դոլարի նկատմամբ էժանացել էր ավելի քան 50 տոկոսով։

ԿԲ-ի գնահատականներով` ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ.–ին կկրճատվեն 30 տոկոսով ($1 – 480,62 դրամ):

ԱԺ արտահերթ նիստում մայիսի 5-ին քննարկվեց կառավարության կողմից ներկայացված «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու մասին հարցը: Առաջարկվում է արտագնա աշխատանք կատարողներին մտցնել հարկային դաշտ: Նախատեսվում է նաև այն գործատուների համար, ովքեր պայմանագրեր ունեն Հայաստանից դուրս շինարարական ու շինմոտնաժային աշխատանքներ կատարելու մասին, շահութահարկը սահմանել 5 տոկոս: Դրա նպատակն է, որ այդ կազմակերպությունները պետական գրանցում ստանան Հայաստանում, դրանց աշխատակիցները նույնպես գրանցվեն Հայաստանում` որպես վարձու աշխատողներ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը բողոքել է, որ օրենքը հապշտապ է բերվել, և պատգամավորները չեն էլ հասցնում կարդալ ու ծանոթանալ: Պատգամավորը նշել է, որ հարկային պրեսինգը կարող է ընդվզում առաջացնել, և խնդրել փոխնախարարին` ներկայացնել հիմնավոր թվային ցուցանիշներ ու հաշվարկներ: Ի պատասխան՝ Վախթանգ Միրումյանը նշել է, որ չի կարող թվային հաշվարկներ ներկայացնել, թե, օրինակ, քանի կազմակերպություն է աշխատում դրսում, բայց կան երաշխիքներ, որ նախապատվությունը կտան Հայաստանում գրանցվելուն:

«Մենք չենք նախատեսում տրանսֆերտների հարկում: Հայաստան փոխանցվող տրանսֆերտները արդեն իսկ հարկված են: Հարկված չեն այն տրանսֆերտները, որոնք դրսում որևէ վարձու աշխատանք կատարելու դիմաց ձևակերպված չեն»,- ասաց փոխնախարարը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---