Հաղթանակի օրը` հաղթանակով. Հայաստանի «Ոսկե առյուծ»-ը Վենետիկի բիենալեում

Հաղթանակի օրը` հաղթանակով. Հայաստանի «Ոսկե առյուծ»-ը Վենետիկի բիենալեում

PanARMENIAN.Net - Վենետիկի 56-րդ բիենալեում, որին 53 երկիր է մասնակցում, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին։ ՀՀ-ն ներկայացված էր «Հայություն» (Armenity) խորագրով ցուցադրությամբ, տաղավարը տեղակայված է Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան միաբանության տարածքում։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում է սփյուռքահայ 18 արվեստագետ: Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի տարբեր քաղաքներում ստեղծագործող արվեստագետներին միավորել էր իրենց ազգությունը։ Նրանք Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդներն են, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են հայրենիքից դուրս։ Բիենալեի տաղավարի համադրողն Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն է:

«Ցուցահանդեսը «Հայություն» (Armenity) կոչելու ինձ ներշնչել է ֆրանսերեն Armenity բառը, որն ինձ թվաց նոր ու հարմար՝ նկարագրելու հայ արվեստագետների ու մտավորականների անընդհատ հոսքի մեջ գտնվող մի սերունդ` ինքնասահմանման իր բազմազանությամբ, որը, սակայն, պահպանել է աշխարհում լինելու սուբյեկտիվ զգացողությունը»,- այսպես է բնորոշել իր մտահղացումը հայկական տաղավարը համադրողը։

Մայիսի 6-ին հայկական տաղավարի բացմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր Եղիա Քիլաղբյանը, իտալացի հայտնի արվեստագետներ ու արվեստասերներ։

Տպագրվել է հայկական տաղավարում ներկայացված արվեստագետների աշխատանքների կատալոգը, որի հրատարակությամբ զբաղցել է իտալական SKIRA հրատարակչությունը:

Հայաստանը ներկայացնում էին սփյուռքի ժամանակակից արվեստագետներ Հայկ Այվազյանը (Լիբանան / Ֆրանսիա), Նիկոլ Բեզջյանը (Սիրիա / ԱՄՆ), Աննա Բողիգույանը (Եգիպտոս / Կանադա), Հերա Բուքուքթաշչյանը (Թուրքիա), Սիլվիա Տեր-Մեգուերդիտչյանը (Արգենտինա, Գերմանիա), Այրին Անաստասը (Իրան / Պաղեստին / ԱՄՆ), Մխիթար Կարապեյանը (Բելգիա), Այքաթերինի Գեգիզյանը (Հունաստան), Անժելա Ռիչի Լուչչին (Իտալիա), Արամ Ջիբիլյանը (ԱՄՆ), Նինա Խաչատուրյանը (ԱՄՆ / Ֆինլանդիա), Մելիք Օհանյանը (Ֆրանսիա), Միքայել Օհանջանյանը (Հայաստան / Իտալիա), Ռոսանա Փալազյանը (Բրազիլիա), Սարգիսը (Թուրքիա / Ֆրանսիա) և Հրայր Սարգսյանը (Սիրիա / Մեծ Բրիտանիա):

Սփյուռքի ժամանակակից նկարիչների Armenity կազմակերպության կուրատորական գաղափարը ենթադրում է տարհանումն ու տարածաշրջանային հասկացությունը, արդարադատությունն ու հաշտեցումը, բնավորությունն ու ճկունությունը:

Սեպտեմբերի 5-ից 11-ն Արսենալի Piccolo ամֆիթատրոնը, Armenity-ի համատեքստում, կազմակերպելու է ներկայացումների, քննարկումների և վիդեոնախագծերի շարք՝ ներկայացնելով փոքրասիական ծագում ունեցող նկարիչների, գրողների և անկախ ռեժիսորների:

Վենետիկի բիենալեն կգործի մինչև նոյեմբերի 22-ը։

Վենետիկի բիենալեն համաշխարհային արվեստի ամենահայտնի ֆորումներից է՝ միջազգային ցուցահանդես, որն անցկացվում է երկու տարին մեկ միջազգային ժյուրիի գլխավորությամբ։ Այն հիմնադրվել է 1895-ին որպես «Վենետիկ քաղաքի արվեստիմիջազգայինցուցահանդես»։ Առաջին բիենալեին ներկայացված էին 16 երկրի նկարիչների աշխատանքներ։ Շուտով դրա հեղինակությունը միջազգային մասշտաբի հասավ, իսկ երբ Երկրորդ համաշխարհայինից հետո՝ 1948-ին պարբերական կազմակերպումը վերսկսվեց, այն համընդհանուր ճանաչված միջազգային ավանգարդի կենտրոն դարձավ։ 1930-ականներին բիենալեի շրջանակում երաժշտության, թատրոնի ու կինոյի միջազգային փառատոններ հիմնադրվեցին, 1975-ին՝ Ճարտարապետության միջազգային ցուցահանդես։ 20-րդ դարի երկրորդ կեսին Վենետիկի բիենալեն ժամանակակից արվեստի կայացման գործում առանցքային դեր խաղաց։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---