Երևանը` Եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք. ՀՀ-ում կկայանա Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը

Երևանը` Եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք. ՀՀ-ում կկայանա Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը

PanARMENIAN.Net - Մայիսի 14-15-ը Երևանում կկայանա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական 9-րդ գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը, որին մասնակցելու համար հրավիրվել են 47 երկիր և կմասնակցի մոտ 20 երկրի նախարար: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Երևանը կդառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք:

«Սա ոչ թե միջոցառում է, այլ իրադարձություն՝ համաեվրոպական նշանակության կրթական իրադարձություն, որտեղ կարևոր, ճակատագրական որոշում է կայացնելու միլիոնավոր ուսանողների, հազարավոր բուհերի համար: Երևանում կքննարկվեն և կընդունվեն եվրոպական կրթության նոր չափանիշներ, որոնք հետո կյանքի կկոչվեն Բոլոնիայի գործընթացին անդամ երկրներում»,- ասել է նա:

Հայաստանը՝ որպես նախարարական 2015–ի գագաթաժողովը հյուրընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր, ըստ նախարարի՝ ընտրել է հարևանության ձևաչափը և ֆորումին հրավիրել նաև Բոլոնիայի անդամ երկրների հարևան երկրներին Միջին Ասիայից, Կենտրոնական Ասիայից, Միջերկրածովյան և տարածաշրջաններից։

Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատարմագրման եվրոպական մոտեցում:

Արմեն Աշոտյանը նկատել է նաև, որ կրթական նման մեծ միջոցառում Հայաստանը, թերևս, չի ունեցել: Երևանում անցկացնելու համար քվեարկությունը դեռ 2012-ին է եղել՝ միաձայն: Ըստ նրա՝ նախատեսված են բազմաթիվ երկկողմ հանդիպումներ, միայն նախարարի հետ տասը հանդիպում կլինի:

Համաժողովի խորհրդանիշ է ընտրվել նուռը, որը նախարարի խոսքով՝ սովորական նուռ չէ, այլ մասնիկներ են, եվրոպական տարածք խորհրդանշող աստղիկներով:

Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանն իր անդամակցության տասը տարիներին շոշափելի արդյունքներ է գրանցել. «Այս տասը տարվա ընթացքում Բարձագույն կրթական համակարգը դարձել է բարեփոխումների շրջադարձային փուլ, ավարտել ենք կառուցվածքային բարեփոխումների փուլը: «Կրթական կառուցվածքն ամբողջությամբ համադրելի է եվրոպական կրթական ստանդարտներին»:

Անդրադառնալով հարցին, թե ինչ կցանկանար փոխել կրթական համակարգում, Tert.am-ի հաղորդմամբ, նախարարը նշել է՝ պետք է ուսանողական շարժողունակության վրա մեծ ուշադրություն դարձնել.

«Ուսանողները Եվրոպական տարածքում պետք է հնարավորություն ունենան ազատ սովորել, ցավոք, այս ուղղությունն այն ծավալի չէ, ինչը ցանկալի կլիներ: Խնդիրների զգալի մասը քաղաքական են, հասկանալի պատճառով, փակ սահմանը Թուրքայի հետ, ուսանողին զրկում է էժան տեղաշարժից, ճանապարհածախսն է հիմնականում սահմանափակում մոբիլությունը, և այս տեսակետից հեռու ենք այն ցուցանիշից, ինչին ձգտում ենք հասնել: Գոնե ուսանողության մի հատվածը պետք է կարողանանք անցկացնել եվրոպական այլ երկրում»:

Նախարարը նաև նշել է, որ ֆորումին հրավիրել են պատվիրակություններ նաև գործընթացի անդամ–երկներ Ադրբեջանից և Թուրքիայից:

«Ֆորումին մասնակցելու հրավեր ստացել են նաև գործընթացի անդամ երկրներ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները: Կարող եմ ասել, որ Թուրքիան ֆորումին կմասնակցի, թեև ոչ նախարարի մակարդակով, բայց Ադրբեջանից, ցավոք, պատասխան չունենք»,- ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը:

Հայաստանն անդամակցել է Բոլոնիայի գործընթացին 2005-ին Բերգենի նախարարական գագաթնաժողովում` ակտիվորեն ներգրավվելով Բոլոնիայի գործադիր խմբի և նրա բոլոր ենթակառույցների աշխատանքներին:

Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---