«Իսլամական պետության» գրոհայինները տասնյակ խաղաղ սիրիացիների են սպանել

«Իսլամական պետության» գրոհայինները տասնյակ խաղաղ սիրիացիների են սպանել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները զանգվածային մահապատիժ են իրականացրել Սիրիայի կենտրոնական մասում, հայտնում է ՌԻԱ Նովոստին սեփական աղբյուրների վրա հղումով: Ըստ նրա, կոտորածը տեղի է ունեցել Ալ Ամիրիա ավանում, որը 3 կմ հեռավորության վրա է հինավուրց Պալմիրայի ավերակներից: «Հարձակումներ են եղել նաև զինվորականների ավանի վրա, զոհվել է 45 խաղաղ բնակիչ»,-ասել է նա:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 4 տարուց ավելի: Իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»: Այս ընթացքում մոտ 200 հազար մարդ է զոհվել:

Կատաղի մարտերը քաղաքի համար, որտեղ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու տակ վերցված հին աշխարհի ամենահայտնի հուշարձաններից մեկը` Պալմիրայի ավերակները, շարունակվում են արդեն երրորդ օրն անընդմեջ:

Ըստ գործակալության զրուցակցի, ահաբեկիչները նահաջնում են, գրոհայինների որոշ ջոկատներ ապարդյուն փորձում են վերցնել բարձունքը, որից կարելի է ականանետներով գնդակոծել քաղաքը, հայտնում է Lenta.ru-ն: Ավելի վաղ Սիրիայի հրամանատարությունը հայտարարեց, թե ահաբեկիչները սկսել են նահանջել Պալմիրայից դեռ ուրբաթ առավոտյան, նրանց ուժերի ուղղությամբ ավիահարվածներից հետո: Ոչնչացվել են տասնյակ գրոհայիններ: Մայիսի 14-ին ԻՊ ահաբեկիչները սպանեցին Պալմիրայի մոտակա ավանների 26 խաղաղ բնակչի` ահաբեկիչները նրանց կասկածում էին Սիրիայի բանակի հետ կապ ունենալու մեջ:

Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայինները գրավել են կառավարական շենքերի համալիրը իրաքյան Էր Ռամադի քաղաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը «Ֆրանս Պրեսի» վրա հղումով:

Ինչպես գործակալությանն է հայտնել տեղական ոստիկանության ներկայացուցիչը, գրոհայինները սև դրոշ են բարձրացրել շենքերի վրա:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Ավելի վաղ գրոհայինները պայթուցիկով լցոնված ավտոմեքենաներ էին պայթեցրել, որոնց նպատակը Էր Ռամադիի կառավարական շենքերի գրավումն էր: Պայթյունի հետևանքով 10 ոստիկան զոհվեց, ևս 7-ը` վիրավորվեց:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---