«Ռոսատոմ». ՀԱԷԿ-ի վերաբերյալ Թուրքիայի մտավախություններն անհիմն են, ատոմակայանն անվտանգ է

«Ռոսատոմ». ՀԱԷԿ-ի վերաբերյալ Թուրքիայի մտավախություններն անհիմն են, ատոմակայանն անվտանգ է

PanARMENIAN.Net - Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների մտահոգությունները տեղին չեն, քանի որ ատոմակայանը միանգամայն անվտանգ է: Մոսկվայում անցկացվող «Atomexpo-2015» 7-րդ միջազգային ֆորումի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ռոսատոմ»-ի կապիտալ ներդրումների գծով փոխտնօրեն Պյոտր Ստեպաևը:

«Ոչ, այդ մտահոգություններն անհիմնն են: Մեծամորի ատոմակայանը շահագործվում է նույն տեխնիկական սկզբունքներով, ինչ Վորոնեժի ատոմակայանը»,- ասաց նա ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ինչպես է գնահատում այն, որ Թուրքիայի իշխանությունները պարբերաբար իրենց մտահոգությունն են հայտնում՝ կապված Մեծամորի ատոմակայանի անվտանգության հետ, հայտնում է Tert. am-ը:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, «Atomexpo-2015» համաժողով անցկացնելու նպատակը ՌԴ միջազգային գործակցության զարգացումն է Լատինական Ամերիկայի, Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների, Աֆրիկայի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հետ ատոմային էներգետիկայի ոլորտում:

Եռօրյա ծրագրում ընդգրկված է նաև մասնագիտական ցուցահանդես և կոնգրես միջազգային, պետական ու հասարակական կազմակերպությունների, ռուսական և օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովի մասնակիցները թեմատիկ ցուցադրություններով հանդես կգան, որոնք կներկայացնեն նրանց նվաճումներն ատոմային արդյունաբերության, գիտության ու արտադրության տարբեր ոլորտներում:

Համաժողովի հիմնական իրադարձությունը ընդլայնված նիստն էր «Ատոմային էներգետիկան որպես սոցիալ-տնտեսական զարգացման խթան» թեմայով, որտեղ քննարկվեցին ատոմային էներգետիկայի առավելությունները, նրա ազդեցությունը երկրի զարգացման վրա, հնարավոր խնդիրները, որ առաջանում են դրա կիրառումից հրաժարվելու դեպքում:

Մայիսի 5-ին ԱԺ պատգամավորները հավանություն տվեցին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագիրը:

Ինչպես ասաց, ներկայացնելով հարցը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, ըստ համաձայնագրի ռուսական կողմը 270 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրելու Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու նպատակով:

Նա նշեց, որ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: Փոխնախարարն ասաց նաև, որ աշխատանքները 2 փուլով կիրականացվեն` առաջինում կհետազոտվի սարքավորումների տեխնիկական վիճակը, հետո կմշակվի արդիականացման ծրագիրը և կհաշվարկվի վերջնական արժեքը:

«Նախատեսվում է ստուգել կայանի համապատասխանությունը բոլոր նորմատիվներին: Խոսքը ռեակտորի մասին է, մասնավորապես, միջուկային կղզում մետաղի վիճակի մասին, որը թեև կանոնավոր կերպով ստուգվել է և մինչ օրս մտավախություններ չեն եղել, սակայն կհետազոտվի ամենաարդիական սարքավորումների միջոցով: Դա թույլ կտա ստուգել բոլոր նրբությունները, և բոլոր շանսերը կան, որ ամեն ինչ հաջող կանցնի և բարդություններ չեն առաջանա»,-ասել է Գալստյանը, հայտնել է ԱՌԿԱ գործակալությունը:

ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` 4,5 մլրդ դոլար տրամադրելով սարքավորումների տեսքով: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում է «միջուկային կղզին» տրամադրել որպես ներդրում նոր ԱԷԿ-ի կառուցմանը:

ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է 2018-2019 թթ.: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---