Առաջնագծում ծառայող պայմանագրայինների համար արտոնություններ կսահմանվեն. Գործադիրը կողմ է

Առաջնագծում ծառայող պայմանագրայինների համար արտոնություններ կսահմանվեն. Գործադիրը կողմ է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 4-ի նիստում որոշել է արտոնություններ սահմանել առաջնագծում ծառայող պայմանագրային զինծառայողների համար: Ըստ այդմ, զինծառայողի կողմից երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում առաջնագծում մարտական հերթապահության ժամանակահատվածը կհաշվարկվի կրկնակի չափով:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ԶՈւ սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ներկայումս օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք և նշանակալի արտոնություններ, գրում է Tert.am-ը:

Նախարարի տեղակալի խոսքով` օրենքի նախագծի ընդունումը կնպաստի նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պայմանագրային հիմունքներով շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները. «Մենք ուղղակի պարտավոր ենք լուծում տալ այդ հարցերին»,-ասել է նա:

ՀՀ ֆինանսների նախարարության մարտի 16-ին օրենքի նախագծի առնչությամբ տրված ազդեցության գնահատման եզրակացության մեջ նշվում է, որ վերջինիս ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից ծախսերի ավելացման (երկարամյա զինվորական ծառայության ստաժում հաշվարկվող ժամանակահատվածի մասով),որի կոնկրետ չափը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---