G7-ը Գերմանիայում. Հակառուսական պատժամիջոցներ, Հունաստան, ահաբեկչություն և կլիմա

G7-ը Գերմանիայում. Հակառուսական պատժամիջոցներ, Հունաստան, ահաբեկչություն և կլիմա

PanARMENIAN.Net - Գերմանիայի հարավում գտնվող Էլմաու դղյակում հունիսի 8-ին աշխատանքն ավարտեց Յոթնյակի խմբի (G7) անդամ պետությունների նախագահների և կառավարության ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը:

G7-ի գագաթնաժողովին մասնակցել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի վարչապետները: ԵՄ-ն ներկայացնում էր Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

Ինչպես հայտարարեց Անգելա Մերկելն ամփոփիչ մամուլի ասուլիսում, G7-ը պատրաստ է «խստացնել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները, եթե իրավիճակը դա անհրաժեշտ դարձնի»:

Նույն կերպ արտահայտվեց նաև Օբաման. «Մեր եվրոպացի գործընկերները հաստատել են, որ ՌԴ դեմ գործող պատժամիջոցները կպահպանվեն մինչ Մինսկի համաձայնությունների կատարումը: Դա նշանակում է, որ հուլիսից հետո գործող պատժամիջոցները կերկարաձգվեն»,-ասել է նա: Բացի այդ, Օբաման նշել է, որ «յոթնյակը» հստակ հասկացրել է, որ եթե «պահանջվի, մենք պատրաստ ենք լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ»: Օբաման, սակայն, չի պարզաբանել, թե ինչ սահմանափակումների մասին կարող է խոսք գնալ:

«Մենք պետք է շարունակենք ճնշումը Ռուսաստանի հանդեպ,-ասել է Օբաման:-Մենք պետք է կոչ անենք Ուկրաինային պահպանել պարտավորությունները»: «Մենք հուսով ենք, որ հետագա քայլեր չեն պահանջվի»,-ասել է Օբաման: Քեմերոնն, իր հերթին վստահություն է հայտնել, որ «գործող պատժամիջոցները պետք է երկարացվեն մինչ Մինսկի համաձայնությունների կատարումը»: Նա նաև նշել է, որ դա «գործողություններ կպահանջի ինչպես Ուկրաինայի կողմից, այնպես էլ ՌԴ կողմից», գրում է ՏԱՍՍ-ը:

Օլանդը նույնպես «պատճառներ չի տեսնում դրանք չեղյալ հայտարարելու համար»: Ի դեպ, նա հասկացրել է, որ նոր պատժամիջոցներ սահմանելու կարիք չկա: Հավանաբար, ճշտել է Ֆրանսիայի նախագահը, ԵՄ Խորհրդում «եվրոպական իշխանությունները կառաջարկեն մեկ տարով երկարացնել պատժամիջոցների գործողությունը»: Օլանդը չի բացառել խստացման հավանականությունը Ուկրաինայում ճգնաժամի հետ կապված: «Եթե պարզ դառնա, որ Ռուսաստանը շարունակում է զենք առաքել և զինվորական ներկայություն ունենալ Ուկրաինայի արևելքում, ինչպես նաև, եթե այդ շրջանները միջոցներ չձեռնարկեն Մինսկի համաձայնությունների պահպանման համար, դա կարող է արդարացնել պատժամիջոցների երկարացումը»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Ֆրանսիայի առաջնորդն ասել է, որ Մինսկի համաձայնություններն «ուժի մեջ են երկու կողմերի համար և մի շարք պահանջներ են պարունակում, որոնք, հավանաբար, պետք է կատարեն նաև Կիևի իշխանությունները: Մասնավորապես, ըստ նրա, դա վերաբերվում է «ապակենտրոնացմանը, տեղական ընտրությունների անցկացմանը, ապրանքների ազատ տեղաշարժին, կենսաթոշակների վճարմանը» Ուկրաինայի արևելքի բնակչությանը: «Կան քայլեր, որոնք անհրաժեշտ է անել և այդ մասին ասվել է Մինսկում»,-հավելել է Օլանդը:

Չնայած պատժամիջոցային հռետորությանը` G7-ի առաջնորդները մտադիր են շարունակել երկխոսությունը ՌԴ հետ: Օլանդը հիշեցրել է, որ «բացի G7-ից, գոյություն ունի նաև ընդլայնված ձևաչափ` G20: «Ռուսաստանն առանցքային դերակատարում ունի Սիրիայի, Իրանի և Ուկրաինայի շուրջ բանակցություններում»,-պարզաբանել է Ֆրանսիայի նախագահը:

Նրա դիրքորոշումը կիսել է նաև Ռենցին: «Բոլոր մասնակիցները շահագրգիռ են, որ Ռուսաստանը վերադառնա միջազգային ասպարեզ, քանի որ կարևորում են երկրի ավանդը, որ նա կարող է ունենալ Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծման և այլ հարցերում»,-ասել է Իտալիայի վարչապետը:

«Համաշխարհային խնդիրների, այդ թվում Ուկրաինայի ճգնաժամի, հանգուցալուծման համար հարկավոր է Ռուսաստանի մասնակցությունը: Մենք մտադիր ենք շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ»,-ասել է իր հերթին Աբեն: Միևնույն ժամանակ նա նշել է, որ դեռ դժվար է խոսել G7-ից G8-ին անցնելու մասին: «Հաջորդ տարի Ճապոնիան կստանձնի առաջատարի դերը խմբում: Դժվար է պատկերացնել, որ հանդիպումը կանցնի ՌԴ մասնակցությամբ, հաշվի առնելով վիճակն Ուկրաինայում: Սակայն մի շարք ղեկավարներ հանդես եկան ՌԴ հետ կառուցողական երկխոսության օգտին»,-ասաց նա:

Մերկելը նաև կողմ արտահայտվեց եվրոյի գոտում Հունաստանի ներկայությանը: Նա հավելել է, որ Աթենքը ևս ջանքեր պետք է գործադրի բարեփոխումների իրականացման համար: «Ժամանակը քիչ է, յուրաքանչյուր օր նշանակություն ունի»,-ասել է նա:

Հունաստանի խնդիրը հրատապ լուծելու օգտին արտահայտվեց նաև Օբաման` թեև ուղիղ պատասխան չտվեց այն հարցին, թե արդյոք եվրոպացիները չափազանց կոշտ չեն Հունաստանի հետ բանակցություններում:

Օբաման նշել է, որ «համաշխարհային հանրությունը և միջազգային ֆինանսական կազմակերպությունները» պետք է հասկանան, թե «ինչ մարտահրավերների է բախվում Հունաստանը»: «Եթե 2 կողմերը բավարար ճկունություն ցուցաբերեն, մենք կլուծենք այս խնդիրը: Միևնույն ժամանակ դա դժվար լուծումներ կպահանջի»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը:

G7-ը նաև կխստացնի պայքարն ահաբեկչության դեմ, այդ թվում «Իսլամական պետության», ինչպես նաև կհակազդի ֆինանսապես: Այս թեմային էր նվիրված ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի աշխատանքային հանդիպումը G7-ի առաջնորդների հետ: «ԻՊ» և «Բոկո հարամի» մահաբեր գաղափարախոսությունից մինչև իսլամատյացություն ու հակասեմականություն` անհանդուրժողականության այս ալիքը մեծ վտանգ է պարունակում աշխարհի զարգացման, մարդու իրավունքների համար,-ասել է նա: Երկու լրջագույն խնդիրները, որ մենք պետք է լուծենք` բռնության գաղափարախոսության առաջացման պատճառներն են ու այն սպառնալիքները, որոնք առաջանում են դրանից, ինչպես օրինակ արտերկրի ահաբեկիչների քանակի աճը»:

Ըստ Պան Գի Մունի, նա մտադիր է ԳՎ-ին ներկայացնել «Բռնության վրա հիմնված ծայրահեղականության դեմ ՄԱԿ գործողությունների գլոբալ ծրագիրը»:

Գագաթնաժողովի թեմաներից մեկը կլիմայի փոփոխությունն էր:

G7-ի երկրները մինչև դարի վերջը ջերմոցային արտանետումները կհասցնեն 0, հայտարարել է Մերկելը: Նրանք պայմանավորվել են 100 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին: Գումարը կհատկացվի ամեն տարի մինչև 2020 թ. պետական և մասնավոր աղբյուրներից:

G7-ի երկրների ղեկավարները կակտիվացնեն պայքարը վարակիչ հիվանդությունների դեմ, ինչպես օրինակ, Էբոլայի տենդի հարուցիչի դեմ: «Երկրներից շատերի առողջապահական համակարգը բարելավման կարիք ունի»,-ասել է Մերկելը: Դրա համար հարկավոր է միջազգային ջանքերի համակարգում, հավելել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---