ՄԱԿ խաղաղապահ դեպարտամենտի ներկայացուցիչները կմասնակցեն Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությանը

ՄԱԿ խաղաղապահ դեպարտամենտի ներկայացուցիչները կմասնակցեն Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությանը

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում շարունակվել են սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ տարածքում պլանավորված ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները:

Բանակցությունների ընթացքում ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում ստացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Էրվե Լադսուսի պաշտոնական գրությունը, ըստ որի հաստատվել է նշված դեպարտամենտի ներկայացուցիչների մասնակցությունը նախատեսված զորավարժություններին՝ դիտորդի կարգավիճակով:

Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև հաստատված փոխգործակցության կապակցությամբ և հատուկ կարևորել նշված կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությունն ինչպես բանակցություններին, այնպես էլ հետագայում` բուն զորավարժությանը: ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Ստուդենիկինը նշել է, որ ռազմական համագործակցության կատարելագործման և ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստման նպատակով, նախատեսված զորավարժության ընթացքում նպատակահարմար է շարունակել հետազոտական խմբերի գործառումը` ՀԱՊԿ-ի անդամ պետությունների առաջատար ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավվմամբ:

Զորավարժության ղեկավար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լ.Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ նախատեսված զորավարժությունը ընթացիկ տարվա համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների ցանկում գլխավորն է խաղաղապահության բնագավառում և այն հնարավորություն կընձեռի գործնականում փորձարկել նշված ոլորտի մոտեցումներն ու մտահղացումները:

Շտաբային բանակցությունները կավարտվեն հունիսի 11-ին:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները համաձայնեցրել են համատեղ գործողությունների կարգավորումը սահմանային հակամարտությունների դեպքում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հուլիսի 29-ին՝ «Անխախտ եղբայրություն-2014» խաղաղարար զորավարժությունների բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Նաև նշվել է ռազմական գործակցության ու համատեղ խաղաղապահ գործողությունների անցկացման կարևորությունը:

Նման զորավարժություններ անցկացվում են արդեն երրորդ անգամ: Այս տարի մասնակցում է ՀԱՊԿ 6 անդամ երկրների տարբեր ստորաբաժանումների ավելի քան 700 զինծառայող: Բորդյուժան նշել է, որ այս պահից կազմակերպությունը մասնակցելու է խաղաղապահ գործողություններին:

«Ժամանակակից աշխարհում, երբ տարբեր ահաբեկչական կազմակերպություններ ապակառուցողական գործունեություն են վարում, ծայրահեղ կարևոր է ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կառույցների միջև փոխհամագործակցության հարթեցումը»,- հայտարարել Բորդյուժան:

ՀԱՊԿ խաղաղարար ուժերի ռազմական զորավարժությունները աշխատանքները սկսել է երեքշաբթի օրը Բիշքեկի արվարձանում տեղակայված «Ալա-Տոո» ռազմական հրաձգարանում: Մանևրները, որոնց կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների 10 գումարտակներ` 3-ական գումարտակ Ռուսաստանից ու Ղազախստանից, 1-ական գումարտակներ Հայաստանից, Տաջիկստանից, Բելառուսից ու Ղրղզստանից, կշարունակվեն մինչև օգոստոսի 1-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---