12 հունիսի 2015 - 19:34 AMT
Հունիսի 21-ին Յոգայի միջազգային օրը կնշեն նաև Երևանում

Հունիսի 21-ին աշխարհի 192 երկրում և Հայաստանում առաջին անգամ կնշեն Յոգայի միջազգային օրը: Միջոցառումը կմեկնարկի ժամը 09։30-ին՝ Թումանյանի այգում, հունիսի 12-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Տադիպանենին։

Յոգան ֆիզիկական, մտավոր և հոգևոր ավանդական կանոնների միասնությունն է, որը կազմնավորվել է հին արիական քաղաքակրթություն կոչվող հնդեվրոպական նախահայրենիքի ծաղկման շրջանում, մեր մոլորակի տարբեր հատվածներում՝ զուգահեռաբար, ապա, վերոնշյալ քաղաքակրթության կոլապսից հետո, պահպանվել է գերազանցապես Հնդկաստանում և արևելքի մի քանի այլ երկրներում։

«Յոգան Հնդկաստանի մշակույթի ամենահին ուղղություններից է, և այն մեր մշակույթի անգնահատելի պարգևն է մարդկությանը։ Հայերը ևս հետաքրքրվում են յոգայով, քանի որ այն մարդուն տալիս է ոչ միայն ֆիզիկական առողջություն, այլև հոգևոր ներդաշնակություն»,- դեսպանի խոսքը մեջբերում է Newsarmenia-ն:

Տադիպանենի խոսքով` նա ավելի վաղ զբաղվել է յոգայով և երկար ընդմիջումից հետո կրկին սկսել է պարապմունքները` պատրաստվելով երևանյան տոնին։

Դեսպանը տեղեկացրել է, որ այդ օրն ամբողջ աշխարհում զբաղվելու են յոգայով, և այդ փաստը նախատեսվում է ներառել Գինեսի ռեկորդների գրքում։

«Միջոցառման կազմակերպումը թիմային աշխատանք է և բացի հիմնական կազմակերպիչներից, որոնց թվում են` Հնդկաստանի դեսպանատունը, ՀՀ–ում ՄԱԿ–ի ներկայացուցչությունը, ՀՀ մշակույթի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը, ցանկանում եմ նշել Հայաստանում յոգայի կենտրոնների մեծ դերը, որոնց ներկայացուցիչներն այսօր մեզ հետ են։ Մենք կսպասենք ձեզ այդ միջոցառմանը», – ասել է Տադիպանենին:

UNDP–ի մշտական ներկայացուցիչ, Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն իր հերթին նշել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին 2014–ի դեկտեմբերին ՄԱԿ–ին առաջարկել էրհունիսի 21–ը Յոգայի միջազգային օր հռչակել։

Յոգան սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` “ԿԱՊ”: Կապ մարդու ներաշխարհի, շուրջը գտնվող մարդկանց ու բնության հետ: