ՀԲ. Էներգետիկայի մարտահրավերներին դիմակայելու համար ՀՀ-ն պետք է 5 քայլ ձեռնարկի

ՀԲ. Էներգետիկայի մարտահրավերներին դիմակայելու համար ՀՀ-ն պետք է 5 քայլ ձեռնարկի

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը պետք է հիմնական 5 քայլ կատարի էներգետիկայի ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու համար, հունիսի 16-ին ասել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին` ներկայացնելով հանրապետության էներգետիկ քաղաքականության ՀԲ ուսումնասիրությունը։

Այդ քայլերի թվում նա նշել է արտադրական հզորությունների ավելացումը, սակագների կառուցվածքի վերանայումը, էլեկտրահաղորդիչ ցանցի հիմնական ակտիվների վերականգնումն ու հիմնանորոգումը, էներգետիկ ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագրի իրականացումը, շատ աղքատ տնային տնտեսությունների պաշտպանությունը, գրում է ԱՌԿԱ-ն:

«Չնայած ենթակառուցվածքներում զգալի ներդրումներին, այդ թվում` ՀԲ–ի կողմից, մենք չենք ցանկանում ուշադրությունից դուրս թողնել, որ Հայաստանում կան վերականգնվող էներգիայի բազմաթիվ աղբյուրներ»,– ավելացրել է Բեյլին:

ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ՝ էլէներգիայի սակագինը վերանայելու հայտով: Ըստ այդմ, առաջարկվում է 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն առաջարկվում է դարձնել համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

ՀԲ–ի էներգետիկ ոլորտի ավագ պատասխանատու Արթուր Կոչնակյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտի առաջին մարտահրավերը երկարաժամկետ հեռանկարում բավարար էլեկտրամատակարարման ապահովումն է կանխատեսվող պահանջարկի բավարարման համար։

«Մեր վերլուծությունները վկայում են այն մասին, որ առաջիկայում Հայաստանին անհրաժեշտ են լրացուցիչ արտադրական հզորություններ` էլեկտրաէներգիայի պակասից խուսափելու համար։ Շատ կարևոր է առաջիկա 3-4 տարիների ընթացքում շահագործման հանձնել ջերմային նոր էներգաբլոկը, քանի որ մեր հետազոտություններով` դա պետության համար նվազագույն տնտեսական ծախսն է»,– ասել է նա։

Փորձագետը նաև նշել է տնտեսության խթանման համար էլեկտրաէներգիայի սակագների կառուցվածքի հետագա օպտիմալացման անհրաժեշտությունը։ «Մեր կարծիքով` դա գուցե մի փոքր կզսպի պիկ ժամերին էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը»,– ավելացրել է նա։

Ըստ Կոչնակյանի՝ բնակչության վրա թանկացման ազդեցությունը կարելի է կրճատել ընտանեկան նպաստների համակարգի միջոցով։

Փորձագետը նաև անդրադարձել է էներգետիկ հատվածում ֆինանսական իրավիճակի բարելավման հրատապ միջոցառումների իրագործման անհրաժեշտությանը։ Մասնավոր ընկերությունների մասով, ըստ նրա, անհրաժեշտ է շտապ իրականացնել ֆինանսական առողջացման ծրագիր, մասնավորապես, կրճատել ոչ նպատակային ծախսերը, փորձել վերակառուցել «թանկ» վարկերը, շտկումներ կատարել կարգավորման ոլորտում` բաշխիչ ընկերության մասով ֆինանսական բարդությունների կրկնությունից խուսափելու համար։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ ՀԷՑ-ի հայտը չի մերժվի. նախատեսվում է սակագնի բարձրացում 6.93 դրամով յուրաքանչյուր կՎտ ժամի դիմաց, որոնցից 2.4 դրամը կուղղվի էլեկտրաէներգիայի արտադրող կայաններին և սպասարկող կազմակերպություններին, իսկ 4.24 դրամը` բաշխիչ ցանցերին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---