Չինական ընկերությունը ցանկանում է մասնակցել ՀՀ հարավային երկաթուղու կառուցմանը

Չինական ընկերությունը ցանկանում է մասնակցել ՀՀ հարավային երկաթուղու կառուցմանը

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպության (CCECC) խորհրդի նախագահ Վու Վանլիանգին և ընկերության ներկայացուցիչներին:

Նախարարը ողջունել է հյուրերին՝ հույս հայտնելով, որ նման հանդիպումների ընթացքում քննարկվող հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն մեր երկրի ենթակառուցվածքային համակարգի զարգացմանը: CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակից դառնալու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին, հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Չինական կողմը ներկայացրել է ծրագրի ֆինանսավորման հնարավոր մի քանի մեխանիզմներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկաթուղու կառուցման վերաբերյալ մի շարք այլ հարցեր:

Կողմերը հանգամանալից քննարկել են «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացման առանձնահատկությունները: Երկուստեք ընդգծվել է երկաթուղու կառուցման կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար:

Դեռևս 2013-ի դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին, պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հստակ ժամանակացույցի մասին հարցին, նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանը իրազեկել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ է կառուցել ճանապարհի Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: «Եթե ներդնողներ լինեն և հնարավոր լինի կառուցել ճանապարհի հայաստանյան հատվածը, հետագայում Վրաստանի ու Ռուսաստանի հետ կապելու հեռանկարով, մենք պատրաստ ենք մեր բյուջեի միջոցներով կառուցել մեր հատվածը: Մենք նաև պատրաստ ենք մեր փորձը կիսել, քանի որ Իրանը ինժեներատեխնիկական մեծ հնարավորություններ ունի ու երկաթուղիների կառուցման մեծ փորձ»,-ասել էր դեսպանը:

Վերջերս «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը հայտարարեց, որ Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության ստեղծման ծրագիրը ոչ մի արդյունավետություն չունի: «Դա նույնն է, թե պատի մեջ ոչ մի տեղ չտանող պատուհան բացես դեպի հարևանի տուն»,- հայտարարել էր նա: Նրա խոսքերից հետևում էր, որ տնտեսական շահ դեռ չկա, և դրան հասնել այն պայմաններում, որոնցում գտնվում է Հայաստանը, բավական դժվար է:

Ավելի ուշ «Ռուսական երկաթուղիների» պաշտոնական կայքում հայտնվեց հաղորդագրություն, որը «շտկեց» Յակունինի հայտարարությունը և ընդգծեց, որ «աշխարհաքաղաքական տեսանկյունից երկաթուղային գծի կառուցման նախագիծը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար»: Հստակեցված դիրքորոշումը կայանում է նրանում, որ «Ռուսական երկաթուղիները» հավանաբար պատրաստ է իրանահայկական ճանապարհի կառուցման նախագծի իրականացմանը, բայց՝ պետական աջակցությամբ:

Մինչդեռ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն իրանական «Ֆարս» գործակալությանն ասել է. «Թեհրանը Հայաստանի հետ սահմանին 60 կիլոմետր երկարությամբ երկաթուղային ճանապարհ կկառուցի»: Նա հիշեցրել է, որ շարունակվում է Վրաստանի սահմանից մինչև Մեղրի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցումը, որի շնորհիվ Հայաստանը կարող է կապել Պարսից ծոցի տարածաշրջանը Սև ծովի հետ: Այդ նախագիծը նախատեսում է մասշտաբային տերմինալի կառուցում: Թումանյանը նշել է, որ Պարսից ծոց դուրս գալը դեռ վաղուց հետաքրքրել է Ռուսաստանին, իսկ այժմ՝ նաև ողջ Եվրասիական տնտեսական միությանը:

Իրանում ՀՀ դեսպանը դժվարացել է կոնկրետ ժամկետներ նշել` ասելով, որ շինարարությունը սկսելու համար լուրջ ներդրումներ են պետք: «Իրանը դեռ պատժամիջոցների տակ է, դա դժվարացնում է նախագծի ֆինանսավորումը, առավել ևս նման բարդ կառույցի»,-ասել է նա` հավելելով, որ անհաղթահարելի խոչընդոտներ չկան:

Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպությունը (CCECC) արագ զարգացող ընկերություն է: Վերջին 3 տարիներին «CCECC-ն» հաջողությամբ կնքել է ծավալուն նախագծերի այնպիսի պայմանագրեր, ինչպիսիք են` Նիգերիայի երկաթուղու արդիականացման նախագիծը՝ 850 մլն ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով, Եթովպիայի Միեսո-Դավանլե-Ջիբուտի նավահանգստային երկաթուղու նախագիծը` 1.98 միլիարդ ԱՄՆ դոլար արժեքով և Չադի երկաթուղու ցանցի նախագիծը` 5.631 միլիարդ ԱՄՆ դոլար արժեքով: «CCECC-ի» բիզնեսի գործունեությունը սփռված է Ասիայի 60 երկրներում, Աֆրիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Օվկիանիայում, ավելի քան 40 երկրներում ունի գրասենյակներ կամ մասնաճյուղեր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---