2015-ին ՀՀ-ից արտահանվել է մոտ 30.000 տ պտուղ-բանջարեղեն. Օրական 1000 տ ծիրան է արտահանվում

2015-ին ՀՀ-ից արտահանվել է մոտ 30.000 տ պտուղ-բանջարեղեն. Օրական 1000 տ ծիրան է արտահանվում

PanARMENIAN.Net - Ընդհանուր առմամբ, այս տարի Հայաստանից արտահանվել է մոտ 30 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24.300 տոննայի դիմաց, տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 24-ին թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով այցի ժամանակ: Նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն, ինչպես նաև Արարատի մարզի Ներքին Դվին, Աբովյան և Ջրաշեն համայնքներ, հայտնում է գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Հանրապետությունից օրական մոտ 1000 տոննա ծիրան է արտահանվում, և արդեն իսկ արտահանվել է 5500 տոննա: Այս տարի Ուզբեկստանում, որը Ռուսաստանի Դաշնություն ծիրանի մեծածավալ արտահանումներ էր իրականացում, բերքը ցրտահարվել է, և հայկական ծիրանը ռուսական շուկայում շատ ավելի մեծ պահանջարկ ունի», - նշել է Կարապետյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ մի քանի օրից մթերող ընկերություններում կսկսվի ծիրանի մթերման գործընթացը:

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի տեղեկացմամբ` ընթացիկ տարին առանձնանում է առատ բերքով, և ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ եռապատկել արտահանման ծավալները: Միաժամանակ նա հավելել է, որ ընկերությունն արդեն իսկ արտահանել է 20 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն:

Նախարարը եղել է Արարատի մարզի Ներքին Դվին համայնքի ֆերմեր Գևորգ Նազարյանի ծիրանի այգիներում, որոնց ընդհանուր տարածքը կազմում է 5 հեկտար: Գոհունակություն հայտնելով այս տարվա ծիրանի բերքի քանակից և որակից` ֆերմերը հույս է հայտնել, որ ընթացիկ տարվա ծիրանի բերքը կկազմի մոտ 60-70 տոննա: Նա նշել է, որ անձամբ է զբաղվում իր այգու բերքի արտահանմամբ, ինչի վերաբերյալ Ռուսաստանի հետ արդեն կան համապատասխան պայմանավորվածություններ:

Ջրաշեն համայնքում 3 հեկտար հողատարածքում ծիրանի մշակությամբ զբաղվող ֆերմեր Գրիգոր Վարդանյանը հայտնել է, որ ակնկալում է արտահանել մոտ 10 տոննա ծիրան:

Այցելած համայնքներում գյուղացիները նախարարի հետ զրույցում նշում էին, որ գոհ են նաև ծիրանի մթերման գնից` 1 կիլոգրամը հենց այգում գնվում է 450-500 դրամով:

Կարապետյանը նշել է, որ ընթացիկ տարում գոհացուցիչ են ոչ միայն ծիրանի արտադրության, այլև արտահանման ծավալները:

Արարատի մարզն այս տարի մոտ 1000 հեկտարով ավելացրել է ցանքատարածությունների մշակությունը` հասցնելով 24 հազար հեկտարի: Ներկայումս մշակվում է մարզի վարելահողերի 91%-ը:

ԱՎԾ տվյալների համաձայն, նախորդ տարի` 2014-ին, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 1.29 մլրդ դոլար: Հայաստանն արտահանել է 376.4 մլն դոլարի (անկումը 1,9%) ապրանք և ծառայություն, ներկրել գրեթե 881.7 մլն դոլարի ապրանք (աճը` 4,6%): Ըստ նախնական տվյալների, արտահանումը Հայաստանից ԵՄ երկրներ նվազել է 6.9%-ով` կրճատվելով մինչև 144.4 մլն դոլար, ներմուծումը նվազել է գրեթե 35 %, մինչև 229.5 մլն դոլար: Իրան արտահանման և ներմուծման ծավալները նվազել են 40% և 8% համապատասխանաբար, արտահանումը Չինաստան, հակառակը, աճել է 25%`- մինչև 51 մլն դոլար, ներկրումը Չինաստանից կրճատվել է մոտ 23.5%-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---