Հույները «ոչ» են ասել եվրավարկատուների պահանջներին. Վերլուծաբանները կանխատեսում են Հունաստանի ելքը եվրագոտուց

Հույները «ոչ» են ասել եվրավարկատուների պահանջներին. Վերլուծաբանները կանխատեսում են Հունաստանի ելքը եվրագոտուց

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին Հունաստանում տեղի է ունեցել հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիները պետք է պատասխանեին «ոչ» կամ «այո» հարցին, թե արդյոք հարկավոր է ընդունել հունիսի 25-ին երկրի երեք խոշոր վարկատուների՝ Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկած համաձայնագիրը: Հույների 61 %-ը պատասխանել է «ոչ»:

Նույն օրը երեկոյան Աթենքի կենտրոնում վարկատուների համաձայնագրին դեմ արտահայտվող բազմահազար հանրահավաքը տոնում էր հաղթանակը դեռևս մինչև քվեարկության պաշտոնական արդյունքների հայտարարումը:

Հանրաքվեի արդյունքներով Հունաստանը կարող է կա՛մ դուրս գալ եվրագոտուց, կա՛մ էլ շարունակել վարկատուների հետ բարդ բանակցությունները։

Կիրակի օրն անցկացված հանրաքվեի արդյունքների հրապարակմանը հաջորդել է Հունաստանի ֆինանսների նախարարի Յանիս Վարուֆակիսի հրաժարականը:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հուլիսի 5-ին հանրաքվե է նշանակել եվրոպացի վարկատուների առաջարկների շուրջ ու քվեարկողներին կոչ արել հրաժարվել դրանցից: Նա հայտարարել է, որ հանրաքվեի «ոչ»-ը վարկատուների հետ նոր համաձայնագրի սկիզբ կդառնա:

Հունաստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ պատրաստ են վերսկսել նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները վաղը և չեն բացառում համաձայնության գալ 48 ժամվա ընթացքում: Հունաստանի վարչապետի խոսքով՝ հույների «խիզախ ընտրությունը» բարելավել է բանակցություններում Աթենքի դիրքերը:

2008-2014 թթ. ընթացքում երկրի ՀՆԱ-ն կրճատվել է $240 մլրդ-ից մինչև $180 մլրդ, բնակչության եկամուտներն ընկել են 40%-ով, գործազրկության ցուցանիշը աճել մինչև 27%:

Եվրամիության առաջին պաշտոնական արձագանքը՝ նախ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ապա նաև Եվրոպական Հանձնաժողովի մամուլի ծառայության՝ սառն էր. «հույների կամքը պետք է հարգել», սակայն Եվրագոտու մյուս երկրները «այլ տեսակետ ունեն այս հարցում», - ասել է Շուլցը:

Արդեն վաղը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թռնում է Գերմանիա՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկելու միջազգային վարկատուների պայմաններից հույների մերժման հետևանքները: Գերմանիան և Ֆրանսիան հունական պարտքի խոշորագույն կրողներն են, հաղորդում է Euronews- ը:

Եվրագոտուց Հունաստանի դուրս գալը զարգացումների հիմնական սցենար է դարձել Raiffeisen Research-ի վերլուծաբանների համար:

«Չնայած այն հանգամանքին, որ եվրոգոտու որոշ պաշտոնյաներ զգուշացրել էին, թե հանրաքվեի բացասական պատասխանը կվտանգի Հունաստանի անդամակցությունը Եվրագոտում, բանակցությունները այդ երկրի և վարկատուների միջև, այնուամենայնիվ, կվերսկսվեն: Սակայն, հանրաքվեի արդյունքները համաձայնությունները շատ ավելի բարդ և քիչ հավանական են դարձնում: Դա, իր հերթին, զգալիորեն մեծացնում է Եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հավանականությունը», - ասվում է հաշվետվությունում:

Հունաստանի Եվրագոտուց դուրս գալու դեպքում անհրաժեշտ կլինի երկրի պարտքի մի մասի դուրսգրումը, քանի որ «Հունաստանի արժույքի արժեզրկումը եվրոյի նկատմամբ կլինի անխուսափելի», հայտարարում են վերլուծաբանները:

Հունիսի 29-ին Հունաստանի կառավարությունը հայտարարեց մինչև հուլիսի 6-ը բանկերի աշխատանքը պաշտոնապես դադարեցնելու մասին, ինչպես նաև բանկերից կանխիկ գումար հանելու ամենօրյա լիմիտը սահմանել 60 եվրոյի սահմանում մեկ անձի համար, ասվում է որոշման մեջ, որը հրապարակվել է կառավարական թերթում հունիսի 29-ին:

«Բանկերի աշխատանքի կասեցումը» որոշման մեջ թվարկվում են այն միջոցները, որոնք ձեռնարկվել են ֆինանսական կազմակերպությունների հանդեպ հունիսի 28-ից մինչև հուլիսի 6-ը: Որոշումը ստորագրել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը և երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Այդ քայլի պատճառը «Հունաստանի ֆինանսական համակարգն ու տնտեսությունը պաշտպանելու արտակարգ շտապ ու անկանխատեսելի անհրաժեշտությունն է լիկվիդայնության պակասի պատճառով, որի պատճառը հունիսի 27-ի Եվրախմբի որոշումն է` մերժել Հունաստանին աջակցության ծրագիրը երկարացնելու հարցում», ասվում է որոշման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հունաստանի իշխանությունները մի շարք զիջումների են գնացել: Մասնավորապես, Աթեքնը համաձայնվել է բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 2022 թ., ոչ թե 2025 թ., ինչպես նախկինում էր ենթադրվում: Հունաստանը նաև որոշել է «փոխարինել» թոշակառուների դրամաշնորհային համակարգը 2 տարով ավելի շուտ` 2018-ին: Մյուս հարցերում Աթենքն ու վարկատուները նախկինի պես հեռու են համաձայնությունից:

Հունաստանն ու նրա վարկատուները արդեն մի քանի ամիս է բանակցում են երկրում բյուջեի տնտեսման ու բարեփոխումների ծրագրի շուրջ: Համաձայնության գալու վերջին ժամկետը հունիսի 30-ն է: Հետո ծրագիրն այլևս չի գործի և մնացած 7,2 մլրդ եվրոն այլևս չի հատկացվի Հունաստանին: Հունիսի 30-ին Հունաստանը պետք է մարի ԱՄՀ վարկի հերթական մասնաբաժինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---