«Նոր հորիզոններ» տիեզերանավը հուլիսի 14-ին կմոտենա Պլուտոնին

«Նոր հորիզոններ» տիեզերանավը հուլիսի 14-ին կմոտենա Պլուտոնին

PanARMENIAN.Net - NASA-ի «Նոր հորիզոններ» միջմոլորակային ավտոման կայանը պատմական մոտեցում կկատարի Պլուտոնին հուլիսի 14-ին Երևանի ժամանակով 15:49-ին: Այդ պահին տիեզերանավը կլինի 12,5 հազար կմ հեռավորության վրա գաճաճ մոլորակից: Մոլորակին մոտենալուց հետո զոնդը կշարժվի առաջ, դեպի Արեգակնային համակարգի սահմանը:

Պլուտոնին մոտենալուց 13 ժամ անց զոնդը պետք է ռադիոազդանշան ուղարկի Երկիր, ինչը կնշանակի, որ ամեն ինչ կարգին է: Որևէ տիեզերական օբյեկտի բեկորի հետ բախվելու սարքի հավանականությունը շատ փոքր է` մեկը 10 հազարի հարաբերակցությամբ:

2015-ի հուլիսի 4-ին ավտոմատ կայանում ներքին համակարգերի անհայտ բնույթի խափանում տեղի ունեցավ, որի արդյունքում կորավ կապը Երկիր կոլորակի հետ և կայանն անցավ անվտանգ ռեժիմի: Ինժեներների ջանքերի շնորհիվ մի քանի օրից «Նոր հորիզոնները» շարունակեց ճանապարհը դեպի Պլուտոն:

Ըստ NASA-ի տվյալների, զոնդի աշխատանքի գլխավոր արդյունքն առայժմ Պլուտոնի չափերի ճշգրտումն էր, որը, պարզվեց, ավելի մեծ է, քան համարվում էր: Մոլորակի տրամագիծը 2370 կմ է: Դա նշանակում է, որ Պլուտոնի խտությունը ավելի ցածր է, քան համարվում էր, իսկ սառույցի բաժինը` ավելի մեծ:

Կայանը հուլիսի 11-ին LORRI (Long Range Reconnaissance Imager) գործիքի միջոցով ստացել է Պլուտոն գաճաճ մոլորակի և նրա արբանյակ Քարոնի նոր պատկերները, որտեղ նկատելի են Քարոնի բարդ երկրաբանության նշանները: Քարոնի հյուսիսային բևեռի շրջանում նկատելի է մուգ հատված, որի բնույթը դեռ պարզ չէ գիտնականների համար: Ավելի ստորին մասում, արբանյակի հասարակածի մոտ նկատվում են լանդշաֆտի հնարավոր խորացումներ: Քարոնի հարավային բևեռի մոտ նկատելի է մոտ 96,5 կմ տրամագծով շրջանակային կազմավորում, որը, ենթադրաբար, կարող է հարվածային խառնարան լինել: Ըստ գիտնականների, այն առաջացել է մոտավորապես 1 մլրդ տարի առաջ Կոյպերի գոտու ոչ մեծ մարմնի հետ բախումից:

Մինչ այդ «Նոր հորիզոնները» Երկիր է ուղարկել գունավոր պատկերներ, որոնք ցույց են տալիս Պլուտոնի երկու կիսագունդը: Պատկերներից մեկի վրա կարելի է տեսնել տարօրինակ բծեր, որոնք գտնվում են հասարակածի շրջանում, իրարից հավասար տարածության վրա: Դրանցից յուրաքանչյուրի տրամագիծը հասնում է 480 կմ: Գիտնականները նախկինում երբեք նման բան չեն տեսել` նրանք շատ հետաքրքրված են չափերով ու դրանց փոխադարձ դիրքով:

«Նոր հորիզոնները» ավտոմատ միջմոլորակային կայան է, որը գործարկվել է «Նոր սահմաններ» ծրագրի շրջանակում և նախատեսված է Պլուտոնի և նրա բնական արբանյակ Քարոնի ուսումնասիրության համար: Գործարկումն իրականացվել է 2006թ. հունվարի 19-ին, 2007-ին այն մոտեցել է Յուպիտերին, իսկ 2015-ին` Պլուտոնին: Պլուտոնի մոտով անցնելուց հետո սարքը, հնարավոր է, կուսումնասիրի նաև Կոյպերի գոտւ օբյեկտներից մեկը: «Նոր հորիզոններ» ծրագիրը հաշվարկված է 15-17 տարվա համար:

Պլուտոնը Արեգակնային համակարգի իններորդ մոլորակն է: Երկրից շատ հեռու է, և նրա մասին քիչ բան է հայտնի: Իր ուղեծրի ամենահեռավոր կետում նա Արեգակից հեռանում է 7 մլրդ կմ: Պլուտոնը համարվում է գաճաճ մոլորակ: Պլուտոնի ուղեծիրը շատ առումներով նման չէ Արեգակին ավելի մոտ, մեծ մոլորակների ուղեծրերին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---