Անկարան գոհ է «վեցյակի» ու Իրանի համաձայնագրից. Այն կզարգացնի տարածաշրջանը

Անկարան գոհ է «վեցյակի» ու Իրանի համաձայնագրից. Այն կզարգացնի տարածաշրջանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան գոհ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ձեռք բերված համաձայնագրից, թեև դա այն ուշացած է համարում:

«Իրանի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է մնում դեռևս 2010-ից, և մեր դիվանագիտական ջանքերը հայտնի են։ Ավելի լավ կլիներ, եթե այդ համաձայնագրին հասնեին ավելի վաղ։ Կարծում եմ, որ բավական ժամանակ զուր է անցել։ Սակայն համաձայնագրին հասնելու ներկայիս իրավիճակը լիովին գոհացնում է մեզ։ Հաջողություններ եմ մաղթում դրա իրագործման համար», - ասել է Դավութօղլուն, մեջբերում է «Արցախպրես»-ը՝ թուրքական «Հուրիեթ» թերթին հղումով:

Թուրքիայի ներկայիս վարչակարգի` իսլամական աշխարհի հետ մերձեցման քաղաքական գիծը հանգեցրեց թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ սրմանը, որն էլ իր հերթին բերեց թուրք-իրանական հարաբերությունների աշխուժացմանը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ պատժամիջոցների ու բեռնարգելքի վերացումն իր ներդրումը կունենա տարածաշրջանի զարգացման մեջ և ուղղակիորեն կազդի Թուրքիայի վրա։ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ համաձայնագիրը տարածաշրջանին կայունություն կբերի։

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում:

Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

Ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության, Կոնգրեսը 60 օր ունի Իրանի հետ համաձայնությունն ուսումնասիրելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---