Դատախազությունը «Ոչ թալանին»-ի նամակն ուղարկել է ՀՔԾ

Դատախազությունը «Ոչ թալանին»-ի նամակն ուղարկել է ՀՔԾ

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած նստացույցը դադարեցնելու նպատակով իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու, հավաքի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու, մարմնական վնասվածքներ պատճառելու, դիտավորությամբ գույքը ոչնչացնելով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու վերաբելյալ հրապարակումները, տեսաձայնագրությունները դեռևս հունիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Դատախազությունը հուլիսի 14-ին ստացել է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նամակը, որով հեղինակները խնդրել են նամակում նշված փաստերի հիման վրա հարուցել քրեական գործ՝ պատշաճ դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնել նախաքննության նկատմամբ, ոստիկանության գործողություններին տալ իրավական գնահատական և պատժել մեղավորներին:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից ենթադրաբար կատարված, ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ, 185-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ դեռևս հուլիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝

1. ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով. այն է՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով,

2. 164-րդ հոդվածի 2-րդ մասով. այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը` որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3. 185-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել:

ՀՀ գլխավոր դատախազությունը, նկատի ունենալով, որ «Ոչ թալանին» քաղնախաձեռնության նամակում նշված փաստերի առթիվ արդեն իսկ կա հարուցված քրգործ, այնուամենայնիվ, վերոնշյալ նամակն ուղարկել է նախաքննությունն իրականացնող մարմնին՝ համապատասխան ընթացք տալու համար: Հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի մասնակիցներին ցրելու ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն: Կատարված քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ:

Նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը հուլիսի 14-ին հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցների հանդեպ կիրառված տույժերը ցուցարարներին չեն բավարարում: Նրա խոսքով նաև, պահանջում են քրգործ հարուցել ոչ միայն լրագրողների նկատմամբ բռնության դեպքով, այլև քաղաքացիների:

#ElectricYerevan

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց սկսեցին Ազատության հրապարակում: Արդեն ամսի 22-ին նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքն արտահայտելու, բայց ոստիկանությունը փակել էր դեպի նախագահական տանող Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Ցուցարարները որոշեցին նստացույցը շարունակել հենց ոստիկանական պատնեշի մոտ: 10 ժամ տևած նստացույցից հետո ոստիկանությունը բազմաթիվ կոչերից հետո գործողությունների դիմեծ՝ ջրցան մեքենայի միջոցով փորձելով ցրել նստացույցը: Դրանից բացի, ցուցարարների, ինչպես նաև ցույցը լուսաբանող մի շարք լրագրողների հանդեպ իրավապահները ֆիզիկական ուժ կիրառեցին, կոտրելով նաև տեսա- ու ֆոտոխցիկները: ավելի ուշ մոտ 25 մարդ բուժօգնության դիմեց՝ ստացված վնասվածքների պատճառով:

Ցույցի վայրից 237 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժանմունքներ, որոնք ավելի ուշ բաց թողնվեցին:

Ցուցարարների հանդեպ ոստիկանների կողմից ուժի կիրառումը զայրացրեց հասարակությանն ու հաջորդ երեկոյան Բաղրամյանում արդեն հազարավոր մարդիկ հավաքվեցին նույն պահանջով՝ չեղարկել սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը: Բազմաթիվ ցուցարարներ գիշերներ էին լուսացնում Բաղրամյան պողոտայում: Արդեն հունիսի 27-ին ՀՀ նախագահը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի, ու մինչև դրա եզրակացության արդյունքների հրապարակումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Նա ցուցարարներին կոչ արեց ազատել Բաղրամյան պողոտան, բայց վերջիններս հայտարարեցին, թե շարունակելու են բողոքի ակցիան, քանի որ իրենց պահանջը որոշման չեղարկումն էր: Արդեն հաջորդ օրը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ցուցարարների հետ քննարկման արդյունքում որոշեցին՝ պետք է նստացույցը շարունակել Ազատության հրապարակում ու քննարկել հաջորդ քայլը, բայց ցուցարարներից շատերը համաձայն չէին: Այդպիսով, հավաքվածների մի մասը տեղափոխվեց Ազատության հրապարակ, մեծամասնությունը՝ մնաց Բաղրամյանում, նշելով, որ պահանջը չի փոխվել ու այնքան են մնալու, մինչև որոշումը չչեղարկվի, ոչ թե կասեցվի:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացի հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Արդեն հուլիսի 3-ին ՀՀ ՀՔԾ-ն քրգործ հարուցվեց հունիսի 23-ի ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ֆիզիկական ուժի դեպքերի առթիվ: Գործը հարուցվեց ՀՀ ՔՕ 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---