ՄԱԿ ԱԽ բանաձևով Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները չեղյալ կհամարվեն 10 տարուց

ՄԱԿ ԱԽ բանաձևով Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները չեղյալ կհամարվեն 10 տարուց

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացվել Իրանի միջուկային ծրագրի մասին բանաձևի նախագիծը, որով նախատեսվում է Թեհրանի դեմ գործող բոլոր պատժամիջոցների չեղարկում 10 տարուց, այն պայմանով, որ երկրի իշխանությունները կկատարեն «վեցյակի» հետ ձեռք բերված համաձայնագրի պահանջները: Բանաձևի նախագծի պատճենի համաձայն, ՄԱԳԱՏԷ-ի զեկույցից անմիջապես հետո, որով կհաստատվի, որ Իրանը կատարում է Վիեննայում հուլիսի 14-ին կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի առանցքային կետերը, կդադարեն գործել ԱԽ բոլոր նախկին որոշումները Իրանի միջուկային ծրագրի հետ կապված: Միաժամանակ, հաստատվում է սահմանափակումների նոր, ավելի մեղմ ռեժիմ, որը թույլ է տալիս, ՄԱԿ ԱԽ նախնական համաձայնությամբ, Իրանին փոխանցել տեխնոլոգիաներ, սարքավորումներ և ռազմական տեխնիկա: Բացի այդ, ֆինանսական պատժամիջոցներ այլևս չեն գործի մոտ 30 անձանց և կազմակերպությունների դեմ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Փաստաթղթում նկարագրված է Իրանի դեմ գործող պատժամիջոցների վերագործարկման մեխանիզմը, եթե վերջինս խախտի գործարքի պայմանները: Լուրջ խախտումներ հայտնաբերելու դեպքում «վեցյակի» անդամ պետություններից յուրաքանչյուրը կարող է խնդրել ԱԽ-ին վերադառնալ հարցի քննարկմանը և նոր բանաձև ընդունել, որը թույլ կտա Թեհրանին խուսափել պատժամիջոցների ռեժիմից: Սակայն քվեարկության ժամանակ նույն երկիրը, ինչպես ԱԽ ցանկացած այլ մշտական անդամ, կարող է վետո դնել բանաձևի վրա. այդ դեպքում, բոլոր պատժամիջոցները ինքնաբերաբար նորից կգործեն 30 օր անց:

Ինչպես պարզաբանում են դիտորդները ՄԱԿ կենտրոնակայանում, նման բարդ մեխանիզմը առաջին հերթին բխում է ԱՄՆ շահերից: Փոխելով վետոյի կիրառման կարգը` ԱՄՆ-ն ապահովագրել է իրեն հնարավոր այն սցենարից, որի դեպքում, օրինակ, ՌԴ-ն կամ Չինաստանը կարող են արգելափակել պատժամիջոցների վերսկսման մասին որոշումը: Բանաձևի նախագիծը քննարկվելու է փորձագետների մակարդակով, որից հետո, հավանաբար, կորոշվի քվեարկության օրը: Հավանաբար, դա կլինի հաջորդ շաբաթվա սկզբին:

Հուլիսի 15-ին ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը բանաձևի նախագիծն անվանել է ԱԽ պատմության մեջ «ամենաբարդ, տպավորիչ ու հետաքրքիր» բանաձևերից մեկը: Ըստ նրա, փաստաթուղթը համաձայնեցվել էր դեռ Վիեննայում և պատրաստ է ընդունման: Դիվանագետը վստահություն է հայտնել, որ ԱԽ-ն «միաձայն կընդունի այն»:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում:

Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

Ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության, Կոնգրեսը 60 օր ունի Իրանի հետ համաձայնությունն ուսումնասիրելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---