ՀՀ քննչական կոմիտեն ստացել է Ավետիսյանների սպանության քրգործի ՌԴ ՔԿ-ի նյութերը

ՀՀ քննչական կոմիտեն ստացել է Ավետիսյանների սպանության քրգործի ՌԴ ՔԿ-ի նյութերը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հուլիսի 18-ին առձեռն ստացել է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքիսպանության դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործի նյութերը, որին նախորդել էին համատեղ քննարկումներ Երևանում և Գյումրիում։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննչական խմբի անդամները ռուս գործընկերների հետ ուսումնասիրել են ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործը և համատեղ առանձնացրել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քննությանը վերաբերող նյութերը։

Արդյունքում՝ անջատված նյութերը կազմել են 9 հատոր, որոնք հուլիսի 18-ին հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի քննչական խմբի ղեկավարը ստացած նյութերն ուղարկել է թարգմանության։

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը՝ Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի, Ավետիսյան Աիդա Սերյոժայի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.): Ավելի ուշ հայ-թուրքական սահմանը հատելու ժամանակ հայտնաբերված կասկածյալ՝ 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող, Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել, ապա նա ընդունել էր իր կատարած հանցանքը։

Ընտանիքի մյուս երեխան՝ 2014-ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվել էր: Հունվարի 19-ին երեխան մահացել էր:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը համաձայնագիր են ստորագրել դեպքի առթիվ հարուցված քրգործի քննության ընթացքում գործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին:

Երկու կառույցի նախագահները կարևորել են կատարված սպանության լիարժեք բացահայտումը, բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումը և պայմանավորվել իրականացնել համատեղ ու փոխհամագործակցված գործողություններ:

Քննության ընթացքում համատեղ գործողությունների իրականացումը կազմակերպվում է համաձայնագրով ստեղծված շտաբը: Դրա կազմում 10 անձ է` ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

Քրեական գործի քննությունը և բոլոր դատավարական գործողությունները իրականացվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև՝ «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---