Ահաբեկչությունից հետո Թուրքիայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

Ահաբեկչությունից հետո Թուրքիայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում: Ինչպես հայտնել է տեղի հեռուստատեսությունը, բախումները հրահրել են ագրեսիվ տրամադրված անձինք, որոնք հավաքվել են քաղաքի մի քանի շրջաններում իրենց վրդովմունքը հայտնելու համար Շանլիուրֆայում ահաբեկչության վերաբերյալ:

Բողոքի ակցիայի մասնակիցները հրկիզել են աղբամանները և իրենց վրդովմունքը հայտնել «Իսլամական պետության» խմբավորման գործողություններով, որը համարվում է ահաբեկչության կազմակերպիչը: Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը փորձել են համոզել հավաքվածներին ցրվել: Ի պատասխան ոստիկանների և զրահատեխնիկայի ուղղությամբ քարերն ու պայթուցիկով շշեր են նետվել:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել: Քաղաքում տեղակայվել են ոստիկանության հատուկ ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ: Ոստիկանության հատուկ տրանսպորտը, որը պաշտպանված չէ փամփուշտներից, հեռացվել է փողոցներից:

Դիարբեքիրում իշխանությունները ձերբակալություններ են կատարում: Ըստ ԶԼՄ-ների, այժմ իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է:

Իրավապահների հետ բախումներ են եղել նաև Ստամբուլի Քադիքեյ շրջանում: Այնտեղ ոստիկանությունը, գազ և ջրցաններ կիրառելով, մի քանի տասնյակ մարդու է ձերբակալել, առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, «Մոլոտովի կոկտեյլներ», հրազեն, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հուլիսի 20-ին մահապարտ ահաբեկիչը կլաստերային ռումբ պայթեցրեց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում: Առնվազն 30 մարդ զոհվեց, 100-ից ավելին վիրավորվեց: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

Թուրքական խորհրդարանի անդամ Ֆիքրեթ Բիլան հայտարարեց, որ պայթյունն ուղղված էր թուրքաբնակ քրդերի դեմ, որոնք բնակվում են կենտրոնի տարածքում`«Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարելու համար Սիրիա մեկնելուց առաջ:

Թուրքիան մտահոգված է քրդերի հաջողություններով Սիրիայում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր դժգոհությունն արտահայտելով Սիրիայի հյուսիսում քրդերի արձանագրած ռազմական հաջողություններից, հայտարարել է, որ Թուրքիան երբե՛ք թույլ չի տա, որ իր երկրի հարավում՝ Սիրիայի հյուսիսում, քրդական պետություն ստեղծվի: Անկարան բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի, որպեսզի այդ պլանը երբեք չիրականացվի, ինչպիսին էլ լինի հարցի գինը»,-ասել է Էրդողանը»:

Ահաբեկչությունից հետո հանրության շրջանում կասկածներ առաջացան, որ Թուրքիայի ղեկավարությունը բավարար ակտիվությամբ չի պայքարում ԻՊ դեմ: Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը նման պնդումներն անհիմն համարեց:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ օրերս Սիրիայի Հալեպ քաղաքում ձերբակալված ահաբեկիչները խոստովանել են, որ իրենք նախքան սիրիական քաղաք մեկնելը Թուրքիայում գտնվող ռազմական ճամբարներում ռազմական պատրաստություն են անցել: Վարժանքներն անցկացրել են ազգությամբ թուրք, քաթարցի և ամերիկացի սպաները, թուրքական Ulusalkanal լրատվական կայքին հղումով գրել է Ermenihaber.am-ը: Ահաբեկիչներից մեկը հայտնել է, որ Թուրքիայում նրանք ամսական ստանում են 18 հազար թուրքական լիրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---