ՀՀ էներգետիկ ծրագրերը. ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը շահագործման կհանձնվի մինչև 2027-ը

ՀՀ էներգետիկ ծրագրերը. ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը շահագործման կհանձնվի մինչև 2027-ը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԷԿ–ի նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնումը նախատեսված է մինչև 2027-ը: Այս մասին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հայտնել է «Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսին՝ մանրամասն ներկայացնելով մինչև 2016-ը նվազագույն ծախսերով էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիրը:

Այն մշակվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) աջակցությամբ և ֆինանսավորմամբ, ամերիկյան փորձագետների, նախարարության և էներգետիկայի ինստիտուտների մասնագետների մասնակցությամբ: Ծրագրի արդյունքները հիմնված են ամբողջ էներգահամակարգի օպտիմիզացիոն հաշվարկների վրա, հաշվի առած բոլոր էներգապաշարները (նավթամթերքներ, միջուկային, հիդրո, վերականգնվող, կենսազանգված, փայտ, ածուխ և այլն), արտադրող և փոխանցող ենթակառուցվածքները, սպառման բոլոր ոլորտներում (արդյունաբերություն, տրանսպորտ, բնակչություն, ծառայություններ, գյուղատնտեսություն) տեխնոլոգիաները:

Գալստյանի խոսքով՝ Հայաստանի էներգետիկ համակարգի ներկայիս հնարավորությունների ու զարգացման հեռանկարների շուրջ կատարված ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում բոլոր դիտարկված տարբերակներով՝ գործող միջուկային բլոկի փոխարինումը նոր էներգաբլոկով տնտեսապես հիմնավորված է և անհրաժեշտ՝ ելնելով երկրի ռազմավարական դրույթներից:

Հայաստանը մտադիր է կառուցել ԱԷԿ–ի մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ $5 մլրդ: Նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018–2019-ին, ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի վերակառուցումը կսկսվի 2017-ի գարնանը և կտևի մոտ կես տարի։ Այժմ գործում է միայն այդ բլոկը՝ 407.5 Մբթ հզորությամբ, որը շահագործման է հանձնվել 1980-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ էներգաբլոկը 1989–1995-ին ժամանակահատվածում չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016-ի սեպտեմբերը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ էներգետիկ համակարգի բարելավման, ներդրումների արդյունավետության, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացման և կորուստների կրճատման նպատակով իրականացվում են սակագների ձևավորման սկզբունքների և մեխանիզմների արդիականացման և իրատեսական էներգահաշվեկշիռների ապահովման աշխատանքներ:

«Հանրապետության ներկայիս էներգետիկ անվտանգության մակարդակը պահպանելու նպատակով ՀՀ-ն շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան: Այդ նպատակով մենք ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը 10 տարով երկարաձգելու մասին որոշում ենք կայացրել: Միաժամանակ, շարունակվում են բանակցությունները հնարավոր ներդրողների հետ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման համար»,- ասել է կառավարության ղեկավարը:

Փոխնախարար Գալստյանը շեշտել է, որ ծրագրի առաջարկների մեջ կարևոր տեղ ունի նաև նոր ջերմային ՀՇԳՑ էներգատեղակայանքների կառուցումը, սկսած 2018-ից: Այս հզորությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագրի պարտավորությունների կատարմամբ, ինչպես նաև Հրազդան ՋԷԿ-ի գործող բլոկների շահագործման դադարեցմամբ: Դիտարկվում է նաև 2027-ից հետո Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիա փոխանակման պայմանագրի երկարացում` տնտեսապես հիմնավորված պայմաններով:

Գալստյանը նաև տեղեկացրել է, որ վերականգնվող էներգետիկայի բնագավառում դիտարկվում է փոքր ՀԷԿ-երի կառուցում գումարային 150 ՄՎտ հզորությամբ, մինչև 2021-ը՝ հաշվի առնելով տեսակարար ներդրումների աճը և բնապահպանական պահանջների ապահովումը՝ մասնավոր ներդրումների հաշվին: Առաջարկվում է միջին հզորության ՀԷԿ-երի (Լոռիբերդ-66 ՄՎտ և Շնող-70 ՄՎտ) զարգացում և շահագործման հանձնում 2021-ին, ինչը կավելացնի տարեկան արտադրանքը մոտ 500 մլն կՎտժ՝ մասնավոր ներդրումների հաշվին:

Այդ շրջանակում կարևորվում է նաև հայ-իրանական Մեղրի ՀԷԿ-ի կառուցման համաձայնագրի իրականացումը՝ ակնկալելով, որ կայանը 2033-ին կներգրավվի ՀՀ էներգահամակարգի մեջ: Վերականգնվող էներգետիկայի զարգացման գործընթացում դիտարկվում է նաև 40 ՄՎտ գումարային հզորությամբ արևային ՖՎ կայանների կառուցումը մինչև 2021-ը՝ Համաշխարհային բանկի SREP ծրագրի համաֆինանսավորմամբ: Հաշվի են առնված նաև մոտ 200 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայանների կառուցման հնարավորությունները՝ մասնավոր ներդրումների հաշվին:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ մինչև 2036-ը նվազագույն ծախսերով էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրում որպես առաջարկ ներկայացված է նաև 30 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրական կայանի կառուցումը և շահագործումը 2024-ին՝ Համաշխարհային բանկի SREP ծրագրի աջակցությամբ:

Էներգահամակարգի ենթակառուցվածքների զարգացման գործընթացում առաջարկվում է Իրան-Հայաստան և ՀՀ-Վրաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը, ինչի արդյունքում Հայաստան-Վրաստանի էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից կհասցվի 700 ՄՎտ-ի, իսկ Հայաստան-Իրան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից կհասցվի 1000-1200 ՄՎտ-ի, միաժամանակ կբարձրանա էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և ՀՀ էներգետիկ անվտանգությունը (Իրանի արտահանման զարգացման բանկ և KfW բանկ` վարկային միջոցներ):

Առաջարկվում է նաև Այրում 350 ՄՎտ հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի երրորդ մոդուլի կառուցումը (2027)՝ ելնելով շուկայի և տարածաշրջանային գործակցության պահանջարկից: Սա հնարավորություն կտա Հայաստան-Վրաստանի էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը հասցնել 1050 ՄՎտ-ի (KfW բանկ կամ այլ միջազգային բանկերի միջոցներ):

Մասնագետների կողմից ներկայացված առաջարկների մեջ կարևոր տեղ ունեն նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացումը, էլեկտրաէներգետիկ շուկայում տարածաշրջանային ինտեգրումն ապահովող նոր մեխանիզմների ներդնումը, ոլորտի սակագների կառուցվածքի և մեթոդաբանության վերանայումը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---