Դավութօղլու. Անկարան մտադիր չէ որևէ մեկի հետ համաձայնեցնել Սիրիայում հնարավոր ռազմական գործողությունները

Դավութօղլու. Անկարան մտադիր չէ որևէ մեկի հետ համաձայնեցնել Սիրիայում հնարավոր ռազմական գործողությունները

PanARMENIAN.Net - Թուրքական բանակը, որը հարվածներ է հասցրել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին Սիրիայում, ոչնչացրել է սպառնալիքի օջախն իր երկրի համար, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

«Այժմ մենք 100 տոկոսով ոչնչացրել ենք սպառնալիքի օջախը Թուրքիայի համար Սիրիայի հետ սահմանին: Ինչ ահաբեկչական խմբավորում էլ մեզ սպառնա, մեր գործողությունները կլինեն հստակ, իսկ միջոցները` միանշանակ»,-ասել է Դավութօղլուն Անկարայում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ Թուրքիայի կառավարության պաշտոնական հաղորդագրության, F-16 երեք ինքնաթիռ խոցել է ԻՊ թիրախները Սիրիայում` օգտագործելով լազերային թիրախավորման ռումբեր: Ոչնչացվել է երկու հրամանատարական կենտրոն և գրոհայինների հավաքատեղին:

Օդային գործողությունից մի քանի ժամ առաջ հայտարարվեց, որ Թուրքիան կտրամադրի «Ինջիրլիկ» ավիաբազան ամերիկյան ՌՕՈւ-ին ԻՊ գրոհայինների դիրքերին հարվածներ հասցնելու համար:

Հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի, հայտարարել է վարչապետը: «Գործողությունը, որը սկսվել է Իսլամական պետության և այլ ահաբեկչական կազմավորումների անդամների դեմ, կշարունակվի: Արդեն ձերբակալվել է 297 մարդ, որից 37-ը` օտարերկրացիներ են: Սա միանգամյա ակցիա չէ, սա գործընթաց է, որը չի սահմանափակվում ինչ-որ մի գավառով»,-ասել է Դավութօղլուն:

Թուրքիան կպաշտպանի իր սահմաններն այնպես, ինչպես հարկ կհամարի, ոչ ոքի հետ չհամաձայնեցնելով հնարավոր ռազմական գործողությունները Սիրիայում, ասել է վարչապետը: «Անկարան ինքն է որոշումներ կայացնում իր սահմանների պաշտպանության, պետության անվտանգության ապահովման վերաբերյալ: Մենք չենք համաձայնեցնում այսպիսի ռազմական գործողությունները և ոչ ոքի առջև հաշվետու չենք, միայն ինքներս մեր: Ոչ ոք չի կարող խլել այդ օրինական իրավունքը հանրապետության օրինական կառավարությունից»,-ասել է Դավութօղլուն` մեկնաբանելով ավիահարվածները ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---