Բաքվում սկսվել է Ալիևների կլանի գլխավոր քննադատներից մեկի` Իսմայլովայի, դատը

Բաքվում սկսվել է Ալիևների կլանի գլխավոր քննադատներից մեկի` Իսմայլովայի, դատը

PanARMENIAN.Net - Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է լրագրող Խադիջա Իսմայլովայի դեմ հարուցված քրգործով դատավարությունը:

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, դատավոր Ռամելլա Ալլահվերդիևայի նախագահությամբ դատավարության ժամանակ մերժվել է Իսմայլովայի փաստաբան Յալչին Իմանովի միջնորդությունն Իսմայլովայի իրավունքների պաշտպանությունը շարունակելու վերաբերյալ:

Փաստաբան Ֆաիզ Նամազլին հանդես եկավ միջնորդությամբ քրեական գործը փակելու, դատավարությունը ձայնագրելու և տեսագրելու, խափանման միջոցը փոխելու մասին, սակայն բոլոր միջնորդությունները մերժվեցին: Դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին:

Իսմայլովան առաջին հերթին հայտնի է ադրբեջանական վերնախավի շարքերում կոռուպցիայի բացահայտման դեպքերով, այդ թվում Ալիևների-Փաշաևների կլանի բազմամիլիարդանոց բիզնեսին ու ունեցվածքին նվիրված հրապարակումներով: Նա իշխող ռեժիմի ամենահետևողական քննադատներից է, ուստի մշտապես գտնվել է իշխանությունների ճնշման ներքո՝ նրա դեմ դատաքննություն է վարվել, նրան հալածել են իշխանամետ ԶԼՄ-ներում, ինտիմ մանրամասներ են հրապարակել նրա անձնական կյանքից:

2014-ի փետրվարին Խադիջա Իսմայլովան փաստաթուղթ էր տարածել, որտեղ ասվում է, որ ԱԱՆ-ն մի քանի մարդ է անդամագրել ընդդիմադիր կուսակցություններից: Նա ասել է, որ այդ նյութերն իրեն է փոխանցել ԱԱՆ նախկին սպա Ռամին Նագիևը, որն այժմ բնակվում է Ֆրանսիայում: Նրան մեղադրանք է ներկայացվել նաև Ադրբեջանի ՔՕ 284.2 հոդվածով (պետական գաղտնիքի հրապարակում): Մի քանի ամիս անց նրան մեղադրեցին նաև գործընկերներից մեկին` ընդդիմադիր Meydan.tv-ի նախկին օպերատոր Տուրալ Մուստաֆաևին ինքնասպանության փորձի հասցնելու համար: Եթե Իսմայլովան մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: ՈԿԿ գործունեության վերաբերյալ մի շարք օրենքներում ուղղումներ արվեցին: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:

2014-ի հունիսին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը Վեհաժողովին ներկայացրեց զեկույց` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ստրասբուրգից Ադրբեջան վերադառնալուց հետո Ջաֆարովը ձերբակալվեց։ Մեկ այլ հայտնի իրավապաշտպան՝ Ինթիգամ Ալիևը ևս ձերբակալվեց ԵԽԽՎ-ում հանդիպումներից հետո, որտեղ նա ևս քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակի և հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու համար։

Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---