Շվեյցարահայ գործարարը $10 մլն կհատկացնի Գյումրիում բիզնես ծրագրերին

Շվեյցարահայ գործարարը $10 մլն կհատկացնի Գյումրիում բիզնես ծրագրերին

PanARMENIAN.Net - Շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշն առաջարկել է $10 մլն ներդնել Գյումրիում՝ ստեղծելով մի կառույց, որը կֆինանսավորի տնտեսական բոլորայնծրագրերը, որ կներկայացնեն Շիրակի մարզի գործարարները՝ փոքր ու միջին բիզնեսի գծով: Այս մասին օգոստոսի 1-ին լրագրողներին տեղեկացրել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ աշխատանքային այցի ժամանակ:

«Կարծում եմ՝ դա կնպաստի տնտեսական ակտիվությանը և աշխատատեղերի ստեղծմանը Շիրակի մարզում: Առաջարկել եմ, որ նաև կառավարությունը 20%-ի՝ $2 մլն չափով մասնակցություն ունենա, ընդհանուր գումարը կկազմի $12 մլն, և ամենակարևոր հանգամանքը, որ դա լինելու է տարեկան 5% տոկոսադրույքով, յոթ տարի ժամկետով», - ասել է Աբրահամյանը:

Շիրակի մարզում փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտների թիվը, ըստ Շիրակի զարգացման 2010-2013-ի պետական ծրագրի, 4861-ն է: Դրանցից անհատ ձեռնարկատերերի թիվը կազմում է 3200: Հայաստանում գործում է «Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը», որը մարզի 43 փոքր ու միջին ձեռնարկատիրոջ 2006-2008-ի ընթացքում վարկային երաշխավորություն է տրամադրել 203,4 մլն դրամ վարկային փաթեթով:

Ըստ ՀՀ կառավարության 2013-ի «աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» ծրագրի՝ ՀՀ-ում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում ՓՄՁ զարգացումն է կոչված ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:

ՓՄՁ-ի սուբյեկտներին ուղղված աջակցության ծրագրերը հիմնված են կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես՝ հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկն է: Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում` ուղղված ՓՄՁ-ի ոլորտի պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացմանը:

Սակայն, Հայաստանի գործատուների հանրապետական միության (РСРА) 2015-ի հետազոտության համաձայն` հարցված փոքր և միջին ձեռնարկությունների գրեթե կեսը դժգոհ է տվյալ բնագավառում կառավարության քաղաքականությունից: Հետազոտությանը մասնակցել է ՓՄՁ 107 սուբյեկտ: ՓՄՁ կազմակերպությունների մոտ 33%-ն իրենց գործունեության խոչընդոտներից մեկը համարում է հարկային օրենսդրության անճշտությունները: Հարցվածների 21%-ը որպես խոչընդոտ բիզնեսը վարելու համար նշել է բնակչության ցածր գնողունակությունը, իսկ 23%-ը` անկայուն տնտեսական վիճակը: ՓՄՁ սուբյեկտների մեծամասնությունը (մոտ 52%), լուրջ խոչընդոտ է համարում ֆինանսական միջոցների հասանելի չլինելը և վարկերի բարձր տոկոսադրույքները:

Հայաստանում գործում են մոտ 70.000 ՓՄՁ կազմակերպություն: Հայաստանի ՀՆԱ-ում ՓՄՁ մասը կազմում է 43%, ընդ որում` հատվածը ապահովում է հարկային եկամուտների միայն մոտ 5-6%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---