Օդի ջերմաստիճանը օգոստոսի 17-18-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև կբարձրանա 1-2-ով

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 17-18-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև կբարձրանա 1-2-ով

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-21-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունը՝ բնակչությանը խորհուրդ տալով խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց գույնի մաշկ ունեցող անձանց:

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 17-18-ին կնվազի 2-3, 19-20-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Երևանում 17-18-ին ջերմաստիճանը տատանվելու է +36-38 աստիճանի սահմանում, օգոստոսի 19-20-ին՝ +37-39 աստիճանի սահմանում, օգոստոսի 20-ին սպասվում է մինչև +40 աստիճան տաքություն: 17-21-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 17-18-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Հիդրոօդերևութաբանության ծառայությունը զգուշացնում է, որ գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ վերահսկել ոռոգման ռեժիմը:

Տևականության առումով այս տարի Հայաստանում շոգերն աննախադեպ են. օդերևութաբանական պատմության մեջ Հայաստանում վերջին 170 տարվա ընթացքում նման տևական շոգեր չեն եղել: Օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 6-ից 7 աստիճանով:

Հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է երեք խոշոր ջերմային ալիք: Առաջինը եղել է հուլիսի 1-ից 10-ը, երբ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովիտներում բարձրացել է մինչև +39-40 աստիճան, իսկ առանձին օրերին Երևանում գրանցվել է +41 աստիճան տաքություն: Այնուհետև, այդ ալիքը ընդհատվել է, սակայն հուլիսի 25-ից սկսվել է երկրորդ ջերմային ալիքը, որը տևել է մինչև օգոստոսի 6-ը: Արդյունքում, օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև +39-40 աստիճան, առանձին հատվածներում գրանցվել է +41 աստիճան, իսկ Մեղրիում ջերմաստիճանը հասել է մինչև +42 աստիճան: Երկու ալիքներն էլ ներթափանցել են Սաուդիան Արաբիայի տարածքից: Օգոստոսի 10-ից սկսվել է երրորդ ջերմային ալիքը, որը հանրապետություն է ներթափանցել Իրաքի տարածքից: Այսպիսով, օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչր +40 աստիճան: Օգոստոսի 13-ին Երևանում (Արաբկիր կայանում) գրանցվել է +40,6 աստիճան տաքություն, իսկ Էրեբունի օդերևութաբանական կայանում՝ +40,8 աստիճան:

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետծառայությունը, հաշվի առնելով եղանակային պայմանները և ստացվող ահազանգերը, կոչ է անում սպառողներին պահպանել սննդամթերքի անվտանգության պարզ կանոնները՝ բարձր ջերմային պայմաններում հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:

Շոգի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա մեղմելու մեթոդների մասին

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---