ԶԼՄ-ներ. Լրտեսները, Հայկական հարցն ու քրդերի խնդիրը խաթարում են Բեռլինի և Անկարայի հարաբերությունները

ԶԼՄ-ներ. Լրտեսները, Հայկական հարցն ու քրդերի խնդիրը խաթարում են Բեռլինի և Անկարայի հարաբերությունները

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին երկու գործընկերներ Բեռլինի և Անկարայի միջև միմյանց հանդեպ բազմաթիվ պահանջներ են կուտակվել։ Գերմանիան, որտեղ ավելի քան 3 միլիոն թուրք է ապրում, դժգոհ է, որ ներգաղթյալներից շատերը չեն ցանկանում ինտեգրվել գերմանական հասարակությանը: Բունդեսթագում վստահ են` մեղքի իր բաժինն ունեն Թուրքիայի նախագահ Էրդողանն ու նրա շրջապատը, որոնք բազմիցս են գերմանաբնակ թուրքերին կոչ արել պահպանել մայրենի լեզուն, հավատն ու ավանդույթները: Անկարան իր հերթին դժգոհ է, որ ԳԴՀ ղեկավարությունը չի նպաստում Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Իսկ վերջերս երկու երկրների հարաբերություններում լրացուցիչ նյարդայնացնող տարր ավելացավ. նոր ուժով բորբոքված հակամարտությունը թուրքական իշխանությունների և քրդերի միջև, ասվում է Lenta.ru-ում հրապարակված «Սիրիան, ներգաղթյալներն ու Հայոց ցեղասպանությունը» հոդվածում:

Ինչպես ասվում է հոդվածում, Բեռլինի և Անկարայի հարաբերություններում խզում առաջացավ, երբ Թուրքիան վերջնականապես հասկացավ, որ հազիվ թե ԵՄ անդամ դառնա: Թուրքիան «Եվրամիության նախասրահում է» գտնվում 1987 թ.: Չնայած դրան, քչերն են հավատում, որ նա կանդամակցի եվրոպական ընտանիքին տեսանելի ապագայում: Անկարայում կարծում են, որ Գերմանիան գուցե իրենց գլխավոր ընդդիմախոսն է այդ հարցում:

ԳԴՀ կանցլեր Մերկելը սկզբում սատարում էր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գաղափարին, սակայն հետո ավելի զգուշավոր դարձավ այդ հարցում: «Գերմանացիները զգացին, որ ԵՄ-ն պետք է ոչ թե ընդլայնել, այլ խորացնել` երկրների քաղաքական միություն ստեղծելով: Ուստի վերջերս Բեռլինը շատ զուսպ է արտահայտվում Անկարայի անդամակցության հեռանկարների մասին: Եվ հետո Էրդողանը բավականին բռնատիրական ռեժիմ է սահմանել իր երկրում, այնքան էլ չմտահոգվելով քաղաքացիական իրավունքների պահպանման հարցով: Արդյունքում շատերը Մերկելի շրջապատում խոսեցին այն մասին, որ Թուրքիան ընդհանրապես եվրոպական երկիր չէ»,-ասել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կոկեևը: Ի դեպ, երկու երկրների առաջնորդների անձնական հարաբերություններն էլ չեն ստացվել հենց սկզբից։ Լրագրողները նշում էին, որ Մերկելի և Էրդողանի միջև չկա անձնական համակրանք, այսպես կոչված՝ «քիմիա»։

Թուրքական լրտեսները ԳԴՀ-ում

Նախորդ տարվա դեկտեմբերին Բեռլինի և Անկարայի միջև լրտեսական սկանդալ բռնկվեց, երբ Focus հանդեսը հոդված հրատարակեց Գերմանիայում 3 թուրքի ձերբակալության մասին, որոնց կասկածում էին լրտեսության մեջ: Համարվում է, որ նրանք լրտեսում էին երկրում ապրող թուրքական ձախակողմյան ու քրդական կազմակերպությունների անդամներին, ինչպես նաև Գյուլենի կողմնակիցներին:

Լրտեսության համար ձերբակալվածների թվում էր 58-ամյա Մուհամմեդ Թահա Գերգերօղլուն` Էրդողանի նախկին խորհրդականը: Նրան համարում են լրտեսական ցանցի կազմակերպիչը:

Սակայն, սկանդալը զարգացում չունեցավ. Էրդողանի կառավարությունն ամեն ինչ հերքեց, իսկ Մերկելը, հավանաբար, չցանկանալով բարդացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, հրաժարվեց մեկնաբանություններից:

Հայկական հարցը

Անկարայի համար տհաճ անակնկալ էր այն, որ Գերմանիան պաշտոնապես որպես ցեղասպանություն ճանաչեց 1915-ին թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունները։ Առաջինն այդ մասին հայտարարեց Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ապրիլի 23-ին՝ Բեռլինում այդ իրադարձությունների 100-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումների ժամանակ։

Երկրորդն արտահայտվեց արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը. «1915-ին տեղի ունեցածը համապատասխանում է «ցեղասպանություն» սահմանումին, ես շատ լավ եմ հասկանում նրանց զգացմունքները, ովքեր ցանկանում են, որ դա հենց այդպես էլ կոչվի, և փաստարկները, որոնցով նրանք առաջնորդվում են»:

Թեև Գաուկն ընդունեց նաև Բեռլինի մասնակի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար (կայզերական Գերմանիայի զինվորականները մասնակցել են հայերի բռնագաղթին), թուրքական ԱԳՆ-ն ցասումնալից հայտարարությամբ պատասխանեց:

«Նախագահ Գաուկն իրավունք չունի թուրք ժողովրդին վերագրելու հանցագործություններ, որոնք նա չի արել։ Թուրք ժողովուրդը չի մոռանա և չի ների նախագահ Գաուկի հայտարարությունները»,- ասվում էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Այնտեղ նաև սպառնալիք կար, որ եթե Գերմանիան չհրաժարվի իր դիրքորոշումից և «կառուցողական» դիրքորոշում չորդեգրի, երկարաժամկետ հեռանկարում դա բացասաբար կանդրադառնա Անկարայի և Բեռլինի հարաբերությունների վրա:

ՌԳԱ միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կոկեևի կարծիքով Հայոց ցեղասպանության հերքումը վատ է անդրադառնում Գերմանիայում Թուրքիայի ընկալման վրա: «Սա ցավոտ թեմա է Անկարայի համար: Թուրքերը դեռ կտրականապես համաձայն չեն տեղի ունեցածը «ցեղասպանություն» անվանելուն։ Գերմանիան, որպես երկիր, որն ամբողջությամբ ընդունել է պատասխանատվությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների համար, վատ է վերաբերում թուրքական իշխանությունների նման գործողություններին։ Հայոց ցեղասպանության ժխտումը միայն հեռացնում է Թուրքիային այնքան բաղձալի անդամակցությունից Եվրամիությանը»,- վստահ է քաղաքագետը:

Քրդական խնդիրը

Ներգաղթյալների աճը հանգեցնում է ազգամիջյան բախումների գերմանական քաղաքների փողոցներում` հարուցելով տեղացիների դժգոհությունը: Առանց այդ էլ հաճախակի բախումները թուրքերի և քրդերի միջև ավելի հաճախակի դարձան Սիրիայում Անկարայի գործողությունների մեկնարկից հետո:

Ըստ ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի Գերմանական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կամկինի, Գերմանիան, Անկարայի պատճառով, բավականին բարդ վիճակում է հայտնվել: Մի կողմից Գերմանիան հավանություն չի տալիս թուրքերի պատժիչ գործողություններին Սիրիայի քրդերի դեմ։ Մյուս կողմից, Բեռլինը, որը բացասական է վերաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, ստիպված է զերծ մնալ Անկարայի հասցեին մեղադրանքներից:

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան իր տարածքում մարզում է «Իսլամական պետության» գրոհայիններին, զինում, անձնագրեր տալիս` տարանցիկ երկիր լինելով կամավորների համար, այդ թվում նաև Գերմանիայից։ Սակայն դրա վրա պաշտոնական Բեռլինն աչք է փակում, քանի որ նրա համար Ասադի ռեժիմի տապալումն ավելի ցանկալի նպատակ է, քան պայքարն ԻՊ դեմ»,-ասել է Կամկինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---