Իրանը նոտա է հղել Թուրքիային. Պատճառն իր քաղաքացիներին սպառնացող վտանգն է

Իրանը նոտա է հղել Թուրքիային. Պատճառն իր քաղաքացիներին սպառնացող վտանգն է

PanARMENIAN.Net - Իրանի արտգործնախարարության կովկասյան հարցերի վարչության պետ Մուրթազա Մուրադիյանը բողոքի նոտա է հղել Թեհրանում Թուրքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինին: Պատճառը վերջին շրջանում Թուրքիայի տարածքում Իրանի քաղաքացիների և իրանական համարանիշներով բեռնատարների դեմ պարբերաբար իրականացվող զինված հարձակումներն են և ահաբեկչությունը:

Իրանի կառավարությունը պահանջել է Թուրքիայից ավելի շատ ջանքեր գործադրել՝ Թուրքիայում Իրանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հարցում, Իրանի պետական İRNA լրատվական գործակալությանը հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ ստեղծված իրավիճակի պատճառով Իրանում Թուրքիայի դեսպան Թեքինին երկրորդ անգամ կանչել են ԱԳՆ: Առային անգամ դեսպանին կանչել էին Թուրքիայում Իրանի քաղաքացու սպանության դեպքի առթիվ:

Օգոստոսի 13-ին Իրանի և Թուրքիայի ամենամեծ Գյուրբուլուք-Բազարգան սահմանային անցակետը Իրանի կողմից միակողմանիորեն փակվել է: Սահմանային անցակետի փակումը կապված է օգոստոսի 11-ին Թուրքիայի տարածքում գրոհայինների հարձակումների հետ: չնայած անցակետի միակողմանի փակմանը, Թուրքիայի բեռնատարները կարող են մուտք գործել Իրան:

Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության փոխնախարար Դավուդ Քեշավերզիյանը Թուրքիայում իրանական մեքենանարի վրա իրականացված հարձակումների կապակցությամբ հանդիպել և իր մտահոգությունն է հայտնել Իրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռիզա Հաքան Թեքինի հետ:

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հետաձգել է օգոստոսի 11-ին նախատեսված այցը Թուրքիա: Այցի հետաձգման պատճառը չի հստակեցվում:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ: Հուլիսի 29-ին պայթեցվեց Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը: Պայթեցվել է նաև Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: Քուրդ գրոհայինները հարձակումներ են իրականացրել ոստիկանության բաժանմունքների վրա Էրզրումում, Մուշում, Վանում: Կան զոհեր:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Անկարան ու Թեհրանը լուրջ տարաձայնություններ ունեն Սիրիայի ապագայի հարցում: Թուրքիան կտրականապես դեմ է իշխանության գլուխ Ասադի մնալուն: Իսկ Իրանը հնարավոր է համարում դա` գտնելով, որ սիրիական ճգնաժամը կարելի է հաղթահարել գործող ղեկավարության մասնակցությամբ: Սակայն, կողմերը համակարծիք են, որ առաջնային խնդիրը Սիրիայի ներսում ահաբեկչական սպառնալիքի չեզոքացումն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---