21 օգոստոսի 2015 - 14:34 AMT
Բաղրամյանի աղբամանները վնասելու դեպքով քրգործը կարճվել է. Պատճառը հանցակազմի բացակայությունն է

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կարճվել է «Սանիտեկ» ՍՊԸ-ի գույքը առանձնապես խոշոր չափերով վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը` հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

«Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը գրավոր հաղորդում էր ներկայացրել առ այն, որ 2015-ի հունիսի 23-ին անհայտ անձը կամ անձինք տարհանել և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա են տեղափոխել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներում տեղադրված, «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին պատկանող մոտ 40 աղբաման՝ այդպիսով ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Քննությամբ պարզվել է, որ աղբամանները վնասվել են մասամբ և ընկերությանը պատճառված վնասը կազմել է 25.400 դրամ։ «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ընկերությունն այլևս որեւէ բողոք-պահանջ չունի։ Նախաքննության արդյունքներով՝ քննիչը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործի վարույթը։

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարներին աղբամանները ծառայում էին որպես ոստիկաններից պաշտպանվելու բարիկադներ: