3 տարուց հոլանդական բոլոր գնացքները կանցնեն հողմային էներգիայի

3 տարուց  հոլանդական բոլոր գնացքները կանցնեն հողմային էներգիայի

PanARMENIAN.Net - Նիդերլանդներում նախատեսվում է մինչև 2018 թվականը բոլոր էլեկտրագնացքները շահագործել հողմային էներգիայով: Էներգիան կստացվի Նիդերլանդներում, Սկանդինավիայում և Բելգիայում տեղակայված հողմակայաններից:

Հոլանդիայի երկաթուղային փոխադրողը 2014-ին պայմանագիր է կնքել ընկերության հետ, որը զբաղվում է այլընտրանքային աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի արտադրությամբ: 2015-ի դրությամբ հողմակայանների էներգիայով է աշխատում էլեկտրագնացքների կեսը: Ըստ փաստաթղթի, 2016-ին էներգիայի այլընտրանքային աղբյուրի կանցնի գնացքների 70%-ը, իսկ 2018-ին արդեն Նիդերլանդների բոլոր էլեկտրագնացքները կանցնեն վերականգնվող ռեսուրսի:

Այդպիսով, հոլանդական կառավարությունը մտադիր է զգալիորեն կրճատել ածխածնի գազի արտանետումները մթնոլորտ, քանի որ հոլանդացիները վերջերս դատի էին տվել իրենց կառավարությունը: Նրանք պահանջում են մինչև 2020 թ. 25% (1990 թ. համեմատությամբ) կրճատել CO2 արտանետումները մթնոլորտ:

Հայաստանն ունի արևային, հողմային, երկրաջերմային էներգետիկայի զարգացման, ինչպես նաև կենսագազ ստանալու ներուժ: Բազմամյա հետազոտությունները ցույց տվեցին, որ Հայաստանում մեծ հեռանկարներ կան հողմային էներգետիկայի զարգացման համար: Տնտեսապես հիմնավորված պոտենցիալը գնահատվել է 1,26 մլրդ կվտ/ժ: 1999 թ. Հոլանդիայի կառավարությունը դրամաշնորհ տրամադրեց Հայաստանին, ինչը թույլ տվեց ArmNed Wind ծրագրի շրջանակում համապատասխան մշտադիտարկում իրականացնել: 1999-2002 թթ. 5 կայան տեղադրվեց Պուշկինի, Սելիմի, Քարաղաչի լեռնանցքերում, Արդանի ավանում և Արփի լճի մոտ:

Ըստ «Մաքուր էներգիա» կազմակերպության գնահատականի, քամու էներգիայի պոտենցիալը Հայաստանում կազմում է մոտ 10 000 ՄՎտ, ինչը 10 անգամ գերազանցում է ԱԷԿ-ում արտադրվող էներգիայի ծավալը:

Ամենանշանակալի նախագիծն այդ ոլորտում Հարավային Կովկասում միակ «Լոռի-1» հողմակայանն է Բազումի լեռնաշղթայում, որի հզորությունը 2,64 մՎՏ է:

Կառավարությունը ընդունել է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ազգային ծրագիրը 2007 թվականին: ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի հիմնական խնդիրն է նախանշել Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրային նպատակները և որոշել դրանց հասնելու ուղիները: Այսօրվա դրությամբ էներգիայի այլընտրանքային աղբյուրներն ապահովում են ստացվող էլեկտրաէներգիայի միայն 20 տոկոսը:

Վերջերս, համատեղ հայ-ամերիկյան «Զոդ-Ուինդ» ընկերությունն ավարտել է մոնիտորինգը Գեղարքունիքում` Զոդի շրջանում: Այժմ բանակցություններ են ընթանում տարբեր կազմակերպությունների հետ 20 Մվտ հզորության «Զոդ» հողմակայանի կառուցման նպատակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---