Թուրքիայի վարչապետն առաջարկել է ընդդիմադիր պատգամավորներին անդամակցել կառավարությանը

Թուրքիայի վարչապետն առաջարկել է ընդդիմադիր պատգամավորներին անդամակցել կառավարությանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն առաջարկել է ընդդիմադիր կուսակցություններից ժամանակավոր կառավարության անդամության թեկնածուներին ընդգրկվել նախարարների կաբինետի կազմում, հայտնել է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 1-ին: Օգոստոսի 17-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը չկարողացավ կոալիցիայի ստեղծման շուրջ համաձայնության հասնել Ազգայնական շարժման կուսակցության հետ, ինչն անհրաժեշտ էր կառավարության ձևավորման համար: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կառավարության ձևավորման մանդատը վերադարձրեց նախագահ Էրդողանին: «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցություններից հետո Դավութօղլուն հայտարարեց, որ մեկ առ մեկ քննարկել են Բահչելիի առաջարկած 4 տարբերակներն ու եկել են եզրահանգման, որ կոալիցիա ստեղծելու հավանականություն չկա:

Ըստ քվոտաների, ելնելով խորհրդարանում ներկայացվածությունից, ժամանակավոր կառավարության անդամ դառնալու առաջարկ է ուղարկվել ձախակենտրոն Ժողովրդահանրապետական կուսակցությունից ընտրված 5 պատգամավորի, ազգայնական Ազգային շարժման կուսակցության 3 անդամի և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 3 ներկայացուցչի: Բացի այդ, կառավարության կազմում պետք է 11 թեկնածու լինի իշխող ԱԶԿ-ից:

Մինչև օգոստոսի 27-ի աշխատանքային օրվա ավարտը թեկնածուները պետք է գրավոր պատասխան տան առաջարկներին: Մերժում ստանալու դեպքում, տեղերը կառավարությունում կստանձնեն անկուսակցական թեկնածուները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հուսով եմ, որ խնդիրները, որոնք առաջացան հունիսի 7-ի ընտրություններից հետո, կլուծվեն նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրությունների արդյունքում: Եթե դրանց արդյունքում կայուն կառավարություն ձևավորվի, ապա մենք մեծ բարոյական ոգեշնչվածությամբ կմտնենք 2016 թվական»,-իր հերթին հայտարարել է նախագահ Էրդողանն Անկարայում տեղական ինքնակառավարման ղեկավարների հետ հանդիպմանը:

Նա նաև պարսավանքով է խոսել ընդդիմադիր կուսակցությունների մասին, որոնք հրաժարվում են մասնակցել ժամանակավոր կառավարության աշխատանքին, որը գործելու է նախընտրական շրջանում:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որին մասնակցեց 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող:Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվեր: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չի կարողացել և ստիպված է կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին ԱԶԿ առաջնորդ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարեց կառավարություն ձևավորել: Վարչապետը կոալիցիոն բանակցություններ վարեց մյուս 3 խորհրդարանական կուսակցությունների հետ: Սակայն 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվեց ձևավորել:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները, ինչին դեմ են ընդդիմադիր ուժերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---