Տավուշում պայմանագրային ու 3 քաղաքացի են վիրավորվել. Կրակոցների թիվը նվազել է

Տավուշում պայմանագրային ու 3 քաղաքացի են վիրավորվել. Կրակոցների թիվը նվազել է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ի երեկոյան և գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին լարված է եղել, բայց կրակոցների թիվը նախորդ օրերի համեմատ նվազել է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով,հակառակորդը հիմնականում նորից կրակել է Տավուշի ուղղությամբ, ինչից նաև որոշ գյուղեր են տուժել։

«Վազաշենում վիրավորվել է երեք քաղաքացիական անձ, նչպես նաև պայմանագրային մեկ զինծառայող, նրանց կյանքին ևս վտանգ չի սպառնում, համապատասխան բուժհաստատություններում են գտնվում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ հակառակորդը լռել է միայն հայկական կողմի պատասխան կրակից հետո։

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, Հովհաննիսյանը նշեց, որ նա փորձում էր կեղծ լուրեր տարածել. «Հաջիևը խոսում էր միջազգային մարդասիրական իրավունքի մասին այն ժամանակ, երբ իրենք էին սադրում իրավիճակը` մեր զինատեսակների համար հասանելի գոտում հարսանիք անելով, ու սուտ է, թե մենք էլ կրակում էինք այդ ուղղությամբ: Այդ հայտարարության ֆոնին կրակում էին մեր գյուղերի ուղղությամբ, ինչին հայկական կողմի պատասխանը մենք տեսնում ենք իրենց իսկ մամուլում»:

Ավելի վաղ Ադրեբջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, իբր սեպտեմբերի 1-ինհայկական կողմը միջազգային իրավունքի «կոպիտ խախտում» է թույլ տվել՝ «դիտավորությամբ կրակելով Տերտերի շրջանի Գապանլի գյուղում ընթացող հարսանիքի ուղղությամբ», որի ընթացքում իբր 3 խաղաղ բնակիչ էր վիրավորվել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կա արդյոք պատերազմի վերսկսման վտանգ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Պետք է ասել, մասնագիտական տեսանկյունից, սա՝ ինքը, պատերազմն է, ուղղակի ոչ այն սաստկությամբ, որ կարող էր լինել։ Իսկ լայնամասշտաբ մարտական գործողությունների մասին ձեր հարցը, չեմ կարող հստակ ասել, ցանկացած պահի կարող է լինել, կարող է չլինել։ Ամեն դեպքում, այս պահին ռեալ լայնամասշտաբ պատերազմի նախանշաններ դեռ չենք տեսնում»։

Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, կրակել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից։ Ըստ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, հակառակորդը կրակել է նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահամանամերձ գյուղերի ուղղությամբ: Արդյունքումպայմանագրային զինծառայող է զոհվել՝ Հայկ Դևոյանը, ինչպես նաևԿոթիի 2 բնակիչ վիրավորվել. նրանց վիճակը կայուն է:

Ավելի ուշ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին վերահսկվում է:

Անդրադառնալով զորքերի մեծ տեղաշարժի, այդ թվում՝ ՀՀ ԶՈւ կողմից սահմանին տանկեր մոտեցնելու մասին լուրերին, Հովհաննիսյանն ասաց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

«Զորավարժություններ են ընթանում ու զորքերի մեծ տեղաշարժեր չենք իրականացրել՝ փոքր տեղաշարժեր էին։ Տանկեր տեղափոխելու մասին լուրիկներին էլ խնդրում եմ չհավատալ»,- ասաց նա։

Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ նախագահը:

Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Կարդացեք նաև՝ Շփման գծում հրադադարի խախտումները նվազել են. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1800 կրակոց

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---