Իրավիճակը Թուրքիայում. 2 ահաբեկչություն, պարետային ժամ և գրոհայինների չեզոքացում

Իրավիճակը Թուրքիայում. 2 ահաբեկչություն, պարետային ժամ և գրոհայինների չեզոքացում

PanARMENIAN.Net - Երկու ահաբեկչական գործողություն է կատարվել Թուրքիայում սեպտեմբերի 13-ին` զոհվել է 3 ոստիկան, 6-ը տուժել են, հայտնում է Reuters գործակալությունը իրավապահ մարմիններում աղբյուրների վրա հղումով:

Ոստիկանության բաժանմունքի մոտ ավտոմեքենայի պայթեցման հետևանքով սպանվել է 2 ոստիկան, 5-ը վիրավորվել են: Պատահարի վայրը չի հստակեցվում: Բացի այդ, Սիլվան քաղաքում (Դիարբեքիրի գավառ) նռնականետից ոստիկան է սպանվել, նրա գործընկերը վիրավորվել է, հայտնում է Lenta.ru-ն:

Ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ իշխանությունները կասկածում են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին:

Սեպտեմբերի 8-ին առաջին անգամ 2011 թ. ի վեր թուրքական ցամաքային զորքերն անցան Իրաքի հետ սահմանը` կարճաժամկետ գործողություն անցկացնելով ՔԱԿ զինյալների դեմ: Ավելի վաղ նույն օրը Իգդիրում պայթեցվեց ոստիկաններին տեղափոխող ավտոբուսը: Արդյունքում 14 ոստիկան զոհվեց:

Սեպտեմբերի 6-ին Դիարբեքիրում քուրդ ծայրահեղականներն ականանետերից գնդակոծեցին ոստիկաններին` 2 ոստիկան զոհվեց, 3-ը վիրավորվեց:

Ավելի վաղ ՔԱԿ գրոհայինները Մարդին գավառում զրահամեքենա պայթեցրին Սիրիայի հետ սահմանի մոտ, որտեղ 4 թուրք սպա կար, բոլորը զոհվեցին:

Մինչդեռ սեպտեմբերի 13-ին թուրքական իշխանությունները պարետային ժամ հայտարարեցին Դիարբեքիրի կենտրոնում, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը նահանգապետի հայտարարության վրա հղումով: Ըստ ականատեսների, քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչում: Տուժածների մասին տվյալներ չկան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերի 13-ին նաև երկրորդ անգամ պարետային ժամ սահմանվեց Շիրնակ գավառի Ջիզրե շրջանում և քաղաքում: Ուժայինները հատուկ գործողություն են անցկացնում այդ շրջանում քուրդ զինյալների դեմ; Սեպտեմբերի 12-ին վերացվեց փողոց դուրս գալու 8-օրյա արգելքը: Օգտվելով կարճատև դադարից` քաղաքի հազարավոր բնակիչներ սեպտեմբերի 12-ին հուղարկավորեցին իրենց 16 հայրենակիցներին, որոնք զոհվել են մարտերի և գնդակոծությունների հետևանքով: Թուրքական բանակը խոսում է 30 գրոհայինի ոչնչացման մասին: Սեպտեմբերի 13-ին պարետային ժամը կրկին ուժի մեջ մտավ:

Ջիզրե այցելելու արգելքը գործում էր սեպտեմբերի 4-ից, և իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ քաղաքում սկսվում է հումանիտար ճգնաժամ: Հատուկ ռեժիմը գործում է նաև Դիարբեքիրի շրջանի խոշորագույն քաղաքում: Կիրակի օրն այնտեղ բողոքի ակցիաներ անցան, որոնք վերածվեցին անկարգությունների: Ստամբուլում քուրդ փոքրամասնության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները դուրս եկան փողոց` պահանջելով ապաշրջափակել հարավային քաղաքները:

Սակայն արդեն սեպտեմբերի 14-ից իշխանությունները կրկին չեղյալ հայտարարեցին պարետային ժամը Ջիզրեում: Մինչդեռ, «Սաբահ» թերթը գրում է, որ Ջիզրեում ՔԱԿ գրոհայինները փորձել են մեկուսացնել այդ ռազմավարական շրջանը Թուրքիայի մնացած տարածքից, ինչը հնարավորություն կտար նրանց անարգել մուտք գործել Սիրիա և Իրաք: Ծայրահեղականներն, ինչպես նշում է թերթը, թունելներով 150 տուն են միացրել, խրամատներ են փորել ճանապարհներին ու ականապատ բարիկադներ կառուցել: Բոլոր մուտքերը քաղաք ականապատել են , փողոցների սկզբնամասերում տեղակայվել են հսկիչ պարեկներ, զինված ինքնաձիգերով ու նռնականետերով` հակազդելու համար ուժայինների գրոհին: Գրոհայինները նաև տրանսֆորմատորային ենթակայաններ են պայթեցրել և խափանել են հեռախոսակայնների ու ինտերնետ ցանցի աշխատանքը: Սեպտեմբերի 4-ից մոտ 1,5 հազար հատուկջոկատայիններ հատուկ գործողություն են անցկացրել Ջիզրեում: Քանդվել է 60 բարիկադ, ականազերծվել է 30 ճանապարհամերձ ռումբ: Տներում, որտեղ ահաբեկիչներ էին գտնվում, հայտնաբերվել է մոտ 800 կգ պայթուցիկ: ՔԱԿ բազաներ դարձած տները քանդվել են մարտավարական նկատառումներով: 32 զինյալ սպանվել է, 10 գրոհային ձերբակալվել է: Ըստ «Սաբահի», Ջիզրեում կատարվածը նոր քրդական շրջան ստեղծելու համար տարածքի գրավում էր, հայտնում է ՏԱՍՍ-ը: ՔԱԿ գրոհայինները զինված հարձակումներ են իրականացրել Թուրքիայի Կարս նահանգում և Մուշ գավառի Վարթո շրջանում:

Թուրքական «f5haber» լրատվակայքի փոխանցմամբ` ՔԱԿ-ի զինյալները Կարսի Քաղըզման շրջանում ականանետերով հարձակվել են տեղի ոստիկանական բաժանմունքի և հարևանությամբ գտնվող հանրակացարանների վրա:

Իսկ Մուշի Վարթո շրջանում ՔԱԿ զինյալները երեկոյան երկարափող զենքերով և նռնակներով հարձակվել են զրահապատ ոստիկանական մեքենայի վրա: Մի խումբ քուրդ զինյալներ էլ ականանետերով հարձակվել են տեղի ոստիկանական բաժանմունքի վրա:

Բոլոր տեղերում, այդ թվում նաև Կարսի Քաղըզման շրջանում վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Այժմ թուրքական ոստիկանությունը հետաքքնություն է ացկացնում դեպքերի մանրամասները պարզելու, ինչպես նաև զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում է ermenihaber-ը:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---