ՄԱԿ-ը հուսով է, որ ԵՄ-ում սահմանային հսկողությունը ժամանակավոր է, Հունգարիան «ճգնաժամային վիճակ» է հայտարարել

ՄԱԿ-ը հուսով է, որ ԵՄ-ում սահմանային հսկողությունը  ժամանակավոր է, Հունգարիան «ճգնաժամային վիճակ» է հայտարարել

PanARMENIAN.Net - ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը հուսով է, որ ժամանակավոր սահմանային հսկողությունը ԵՄ որոշ երկրներում չի հանգեցնի «դոմինոյի էֆեկտի» և Եվրամիության փլուզման, հայտարարել է վարչության մամուլի քարտուղար Մելիսա Ֆլեմինգը:

«Մենք հուսով ենք, որ դա տեղի չի ունենա: Հարկավոր են ոչ թե առանձին միջոցներ, այլ միավորված Եվրոպա ապաստանի տրամադրման միասնական քաղաքականությամբ»,-ասել է նա:

Մինչդեռ սեպտեմբերի 15-ին Հունգարիան «ճգնաժամային վիճակ» է հայտարարել Չոնգրան և Բաչկի-Շկուն մարզերում: Այդ մասին Սեգեդ քաղաքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ներքին անվտանգության գծով վարչապետի խորհրդական Բոկկոնդի Դերտը: «Ճգնաժամային վիճակը» գործում է տեղի ժամանակով 12:30-ից: «Ճգնաժամային իրավիճակը կապված է փախստականների ներհոսքի հետ, նախօրեին սահմանը փակելու հետ»,-հայտարարել է Դերտը:

Սեպտեմբերի 15-ի կեսգիշերից Հունգարիան փակել է սահմանը ներգաղթյալների համար: Առնվազն 60 մարդ է ձերբակալվել օրենքը ուժի մեջ մտնելու պահից: «Նրանք բոլորը Հունգարիա են ժամանել խախտելով սահմանը, ուստի նրանք կպատժվեն»,-ասել է Դերտը:

Ըստ սահմանի պաշտպանության և միգրացիայի մասին նոր օրենքի, բանակը մասնակցելու է սահմանի հսկողությանը, իսկ սահմանի ապօրինի հատման համար նախատեսվում է 3 տարվա ազատազրկում, արտաքսում հետ` Սերբիա, ինչպես նաև փախստականի կարգավիճակի տրամադրման մասին հարցումների արագացված ուսումանսիրում և մարդկանց մաքսանենգության համար քրեական պատժի խստացում:

Սեպտեմբերի 14-ին, այսինքն Հունգարիայում սահմանի մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելու նախորդ օրը ռեկորդային դարձավ Հունգարիայի և Սերբիայի սահմանն անցած փախստականների քանակով: «Սեպտեմբերի 14-ին Հունգարիա մուտք է գործել 9 800 մարդ: Սա ռեկորդ է»,-հայտարարել է Դերտը:

Ինչպես հայտարարել է Հունգարիայի ոստիկանությունը, տարեսկզբից Հունգարիայի սահմանը հատել է ավելի քան 200 000 ներգաղթյալ: Ըստ տվյալների, նրանք մուտք են գործել երկիր հիմնականում Սերբիայի կողմից: Գրեթե բոլոր միգրանտները այնուհետև շարունակել են ճանապարհը դեպի Գերմանիա և Շվեդիա:

Մինչդեռ, զրկվելով Հունգարիայի սահմանը հատելու հնարավորությունից, բազմաթիվ փախստականներ կարող են հայտնվել ականապատ դաշտերում, եթե ցանկանան Եվրամիություն մուտք գործել Խորվաթիայի տարածքով, հայտնել է խորվաթական Nova TV-ն:

Եվրամիության անդամ երկրները հաստատել են Միջերկրական ծովով փախստականներ տեղափոխողների նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու նախագիծը:ԵՄ Խորհուրդը սեպտեմբերի 14-ին հավանություն է տվել Միջերկրական ծովում EUNAVFOR Med ռազմածովային գործողության երկրորդ փուլի անցկացմանը, որը կարող է սկսվել հոկտեմբերին: Երկրորդ փուլը ենթադրում է միջազգային ջրերում հայտնված կասկածելի նավերի զննություն, և այն նավերի զննում, որոնց թույլտվությունը տվել է այն պետությունը, որի դրոշի տակ է իրականացվում նավարկությունը:

ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---