Նալբանդյան. ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հարավային Կովկասում կառույցի միակ լիարժեք ներկայացուցչությունն է

Նալբանդյան. ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հարավային Կովկասում կառույցի միակ լիարժեք ներկայացուցչությունն է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակը այսօր Հարավային Կովկասում այդ կազմակերպության միակ լիարժեք ներկայությունն է, ինչն ինքնին խոսուն կերպով ցուցադրում է միջազգային գործակցության հանդեպ Հայաստանի վերաբերմունքը և տարածաշրջանային առկա իրողությունները: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 16-ին ասել է Հելսինկիի Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին նվիրված ընդունելությանը:

«Հայաստանը, իրականացնելով ԵԱՀԿ շրջանակում ստանձնած իր հանձնառությունները, հանդիսանում է Կազմակերպության ակտիվ անդամներից մեկը», - նշել է արտգործնախարարը:

Նա հիշեցրել է, որ 2015-ին նշվում են կարևոր տարելիցներ` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, Հոլոքոսթի զոհերի հիշատակի 70-ամյակը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը, ՄԱԿ-ի ստեղծման և կանոնադրության ընդունման 70-ամյակը, Հելսինկիի Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակը: Ըստ Նալբանդյանի՝ դրանք չեն վերաբերում զուտ մեր անցյալին և պատմությանը, այլև ուղղորդում են մեր ապագա քայլերը` ԵԱՀԿ ընդհանուր տարածքում համապարփակ, ընդգրկուն և անխախտ անվտանգության համայնքի ձևավորման ուղղությամբ, որը զերծ կլինի ցեղասպանություններից, պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից:

«Այս նպատակների իրագործման առանցքում անհնար է թերագնահատել Հելսինկիի եզրափակիչ ակտի կարևորությունը: Դրա ստորագրությունը հետպատերազմյան Եվրոպայի այն կարևորագույն իրադարաձություններից է, որը մեծապես պայմանավորել է ինչպես տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններն ու գործակցության ուղղությունները, այնպես էլ էական ազդեցություն է ունեցել ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների հետագա զարգացման վրա», - նկատել է արտգործնախարարը:

Նրա խոսքով՝ 1975-ին Հելսինկիում հրավիրված խորհրդաժողովի յուրահատկությունը, 20-րդ դարի Եվրոպայի պատմության այլ խոշոր միջազգային համաժողովների համեմատությամբ, կայանում է նրանում, որ այն ընդհանուր սեղանի շուրջ էր հավաքել ոչ թե հաղթողներին ու պարտվածներին` սահմանելու հետպատերազմյան նոր աշխարհակարգը, այլ՝ այն երկրների ու ժողովուրդների ղեկավարներին, որոնց նպատակն էր, ինչպես նշված է Եզրափակիչ ակտի նախաբանում` նպաստել Եվրոպայում խաղաղությանը, անվտանգությանը, արդարությանն ու գործակցությանը:

«Չնայած Հելսինկիի խորհրդաժողովը վերջ չդրեց պատերազմներին, բայց կարևոր է, որ այն առաջարկեց համաեվրոպական խաղաղության մի նոր մոդել, որը խարսխված է մի կողմից մասնակից երկրների գործակցության և անվտանգության, մյուս կողմից՝ մարդու իրավունքների պաշտպանության վրա», - ասել է Նալբանդյանը:

Նա ընդգծել է, որ 1975-ին Հելսինկիի եզրափակիչ ակտը ստորագրել են ն 35 երկիր, իսկ այժմ, ԵԱՀԿ-ն 57 մասնակից երկրի կազմակերպություն է: Ըստ Նալբանդյանի՝ ԵԱՀԿ-ի այս էական աճը պայմանավորված է Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառմամբ:

Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Հելսինկիի եզրափակիչ ակտով դեռ 40 տարի առաջ սահմանված և մեզ ժառանգված դրույթների անշեղ կիրառումը Եվրոպայում խաղաղության, անվտանգության և համակեցության կարևորագույն գրավականներից մեկն է հանդիսանում, հետևաբար դրա նկատմամբ մշտական հոգածությունն ու ուշադրությունը առանցքային տեղ պետք է զբաղեցնի արդի միջազգային հարաբերություններում:

ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը հիմնադրվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի որոշմամբ 1999-ի հուլիսի 22-ին, իսկ գործունեությունը սկսել է 2000-ի փետրվարի 16-ից: Գրասենյակը լիազորված է աջակցել Հայաստանին ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների իրագործման, ԵԱՀԿ մարմինների հետ կոնտակտների հաստատման, միջազգային կազմակերպությունների և մարմինների հետ գործակցության, ինչպես նաև ԵԱՀԿ մասնակցությամբ միջոցառումների կազմակերպմանը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իրականացնում է գործունեություն ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններով` ռազմա-քաղաքական, բնապահպանական/տնտեսական և հումանիտար: Գրասենյակը ներգրավված է նաև Հայաստանում օրենսդրական դաշտի բարեփոխումների, խորհրդարանի անձնակազմի վերապատրաստման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում իրականացվող ծրագրերում:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---