Freedom House. Դիտորդների առջև դրված պայմաններն ադրբեջանցիների ձայները գողանալու վտանգի մասին են վկայում

Freedom House. Դիտորդների առջև դրված պայմաններն ադրբեջանցիների ձայները գողանալու վտանգի մասին են վկայում

PanARMENIAN.Net - Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը` ԵԱՀԿ-ի կողմից Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ է հանդես եկել:

«Նախագահ Իլհամ Ալիևի կառավարության կողմից նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում եվրոպական դիտորդական առաքելության առջև դրված պայմաններն ադրբեջանցիների ձայները գողանալու վտանգի մասին են խոսում»,- նշել է կազմակերպության փոխնախագահ Դանիել Կալինգերտը, հայտնում է Panorama.am-ը։

Վերջինս նաև հավելել է, որ ԱՄՆ կոնգրեսականները հանուն Ադրբեջանի ժողովրդի պաշտպանության պետք է կոչ անեն Ալիևի կառավարությանը բացատրություններ տալ իր գործողությունների համար և հնարավորություն ստեղծել բազմակողմանի, հուսալի դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Ավելի վաղ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավարը հայտարարել էր, որ ընտրություններին սահմանափակ թվով դիտորդներ թողնելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների դրած պայմանը հակասում է այդ երկրի՝ ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններին, այդ իսկ պատճառով էլ կառույցը հարկադրված է չեղարկել խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու որոշումը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրավեր ստանալուց հետո հայտնել էր, որ պատրաստվում է 30 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդ ուղարկել Ադրբեջան։ Սակայն օգոստոսի 31-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտնել էր, որ իշխանությունները պատրաստ են ընդունել միայն 6 երկարաժամկետ և մինչև 125 կարճաժամկետ դիտորդ։

Ադրբեջանում ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելուց զերծ մնալու կոչ էր արվել նաև սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում, որով խստորեն դատապարտվել է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված:

Խորհրդարանի բանաձևի նախագծում ասվում է, որ վերջին մի քանի տարիներին Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը շարունակաբար վատացել է, աճել է ՀԿ-ների ղեկավարների, իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների ահաբեկումները, հալածանքները և քրեական հետապնդման պրակտիկան։ Ադրբեջանում վերջին 10 տարիներին տեղի է ունեցել ժողովրդավարական կառավարման ամենամեծ անկումը ողջ Եվրասիայի տարածքում։

Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանում 2015թ․-ի նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություներին, քանի որ գտնում է, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար հիմքեր չկան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---