Մերկել. Փախստականները, որոնք մարտական գործողությունների գոտիներից չեն, պետք է հեռանան Գերմանիայից

Մերկել. Փախստականները, որոնք մարտական գործողությունների գոտիներից չեն, պետք է հեռանան Գերմանիայից

PanARMENIAN.Net - Այն փախստականները, որոնք մարտական գործողությունների գոտիներից չեն, պետք է հեռանան Գերմանիայից, հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը` ելույթ ունենալով Ֆրանկֆուրտում International Motor Show Cars ավտոսրահի բացմանը: «Մենք ապաստան կտանք նրանց, ով ունի դրա կարիքը, մյուսներին պետք է ասենք` դուք պետք է հեռանաք Գերմանիայից, քանի դեռ պաշտպանության կարիք չունեք»,-ասել է Մերկելը` արժանանալով ծափահարությունների:

Ապօրինի փախստականների քանակը Գերմանիայում մեկ օրում աճել է 2 անգամ` կազմելով 7266 մարդ, հայտարարել է ոստիկանությունը: Գերմանիայում նոր բաշխիչ կենտրոններ են ստեղծվում փախստականների գրանցման և ընդունման համար: Սեպտեմբերի սկզբից Գերմանիան ընդունել է մոտ 100 հազար փախստականի: Կանցլեր Մերկելը հայտարարել էր, որ մինչև տարվերջ նրանց քանակը կարող է հասնել 800 հազարի, իսկ այժմ արդեն խոսքը գնում է 1 մլն մարդու մասին:

Հունգարիայի իշխանությունները Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամի հանգուցալուծման նպատակով առաջարկում են համատեղ ուժեր ստեղծել, որոնք կկասեցնեն ներգաղթյալների հոսքն արդեն Հունաստանում: Առաջարկվում է նաև ֆինանսավորել փախստականների ճամբարները Թուրքիայում, հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն:

«Ներգաղթյալների հոսքը չի դադարում: Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում և այլ երկրներում միլիոնավոր մարդիկ սպասում են դեպի Եվրոպա ճամփա ընկնելուն: Պետք է հզոր համատեղ ուժեր ստեղծել, որոնք կկարողանան կասեցնել ապօրինի միգրացիան արդեն Հունաստանում: Պետք է նաև ֆինանսավորել փախստականների ճամբարները Թուրքիայում և այլ երկրներում»,-հայտարարել է Սիյարտոն:

Նա նաև հաստատել է, որ Հունգարիան թույլ չի տա փախստականների մուտքը երկիր` չնայած եվրոպական ԶԼՄ-ների քննադատությանը: «Հունգարիան կպաշտպանի իր սահմաններն ու ԵՄ սահմանները: Այդպիսի ագրեսիվ մարդկանց մենք երկիր չենք թողնի»,-ասել է նախարարը:

Սեպտեմբերի 15-ին Հունգարիայի իշխանությունները խստացրեցին օրենսդրությունն ու կտրուկ սահմանափակեցին մուտքը երկիր, որի հետևանքով վերջին 24 ժամում հազարավոր փախստականներ են կուտակվել հունգարա-սերբական սահմանին: Սեպտեմբերի 17-ի Հունգարիայի ոստիկանությունն ուժ է կիրառել ներգաղթյալների դեմ, որոնք փորձում էին Սերբիայից մուտք գործել այդ երկիր` ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցաններ են կիրառել:

Սերբիայի ՆԳՆ ղեկավար Նեբոյշա Ստեֆանովիչն իր հերթին հայտարարել է լրագրողներին, որ ԵՄ երկրները երկակի չափանիշներով են առաջնորդվում փախստականների հարցում և պետք է կողմնորոշվեն` ուզում են ընդունել այդ մարդկնց, թե չեն ուզում: «Մենք ուղղակի ցանկանում ենք իմանալ, թե ինչ պետք է անի Սերբիան, քանի որ սա այն հարցը չէ, որը պետք է միայն մեր երկիրը լուծի»,-ասել է նա:

Մինչդեռ Սլովենիան իրազեկել է Եվրահանձնաժողովին Հունգարիայի հետ սահմանին ժամանակավոր հսկողություն սահմանելու մասին, հայտնել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը: «Դա ցույց է տալիս, որ հարկավոր է անհապաղ համաձայնեցնել միգրացիոն ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված միջոցները»,-ասել է նա:

Խորվաթիայի իշխանությունները հայտարարում են, որ երկիրն այլևս չի կարող փախստականների ընդունել, հայտնել է «Ռոյթերսը»: Վերջին 24 ժամում 6,5 հազար ներգաղթյալ է մուտք գործել երկիր: Վարչապետ Զորան Միլանովիչը հայտարարել է, որ իր երկրի հնարավորությունները սահմանափակ են փախստականների նման հոսք ընդունելու ու գրանցելու համար:

ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում:/i>

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---