Տեղական արտադրությունն ու արտահանումը կխթանվի. Արտոնություններ են սահմանվել

Տեղական արտադրությունն ու արտահանումը կխթանվի. Արտոնություններ են սահմանվել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստին ընդունել է «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» որոշում:

Դրանով սահմանվել է, որ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում բացառապես ՀՀ տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից, եթե դրանք չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով) կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին:

Արտոնությունը կխթանի նոր ներդումային ծրագրերի իրականացումը, աշխատատեղերի ստեղծումը, տեղական արտադրությունն ու արտահանումը:

Նիստին ՀՀ կառավարությունը նաև նախկինում ընդունած մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնցով նախատեսվում է թույլատրել ՀՀ մարզերում և Երևան քաղաքում նշված օբյեկտների շինարարական աշխատանքները կազմակերպել բանակցային` առանց մրցույթի հայտարարության ընթացակարգով:

Ներկայումս որոշ մարզերում և Երևան քաղաքում ՀՀ 2015-ի պետբյուջեով և Կառավարության տարբեր որոշումներով հատկացված միջոցներով պետք է իրականացվեն բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որոնց գործընթացները դեռևս չեն սկսվել: Արդեն ավարտվել են կրթական, մշակութային, բնակելի շենքերի և բարեկարգման հրատապ լուծում պահանջող մի քանի ծրագրերի նախագծանախահաշվային աշխատանքները: Ներկայումս անհրաժեշտ է սկսել և մինչև տարեվերջ ավարտել վերը նշված աշխատանքները:

ՀՀ ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին աջակցությունը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է և ամրագրված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում: Ներդրումային քաղաքականությունը ձևավորվել և իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա և նպատակաուղղված է Հայաստանի ինտեգրացմանը համաշխարհային տնտեսության մեջ։

2015-ին Կառավարությունն Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, «Ամերիա» և ամերիկյան «Պրագմա» խորհրդատվական ընկերությունների հետ գործակցությամբ նախաձեռնել է «Հայաստան ներդրումային համաժողով 2016»-ի իրականացումը, որը տեղի կունենա 2016-ի սեպտեմբերին Նյու Յորքում:

Ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանում օտարերկրյա ներդրումները, ներկայացնել երկրի մրցակցային առավելությունները և տնտեսության այն պոտենցիալ ճյուղերը, որտեղ օտարերկրացիները կկարողանան ներդրումներ անել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---