Խորվաթիան փակել է Սերբիայի հետ սահմանը, ըստ ԳԴՀ իրավապահների` ահաբեկիչները փորձում են անդամագրել ներգաղթյալներին

Խորվաթիան փակել է Սերբիայի հետ սահմանը, ըստ ԳԴՀ իրավապահների` ահաբեկիչները փորձում են անդամագրել ներգաղթյալներին

PanARMENIAN.Net - Խորվաթիան ամբողջությամբ փակել է Սերբիայի հետ սահմանին գործող 8 անցակետերից 7-ը, հայտնում է երկրի ՆԳՆ-ն: Դա կրում է ժամանակավոր բնույթ և ուղղված է կասեցնելու փախստականների աննախադեպ հոսքը սերբական տարածքից: 24 ժամում պաշտոնական տվյալնելով Խորվաթիա է մուտք գործել 11 հազար փախստական: Արդյունքում խնդիրներ են առաջացել նրանց գրանցման, տեղավորման և մինչև տարանցիկ կենտրոններ կամ այլ պետությունների սահմաններ տեղափոխելու հետ կապված:

Ավելի վաղ Սերբիայի աշխատանքի նախարար Ալեքսանդր Վուլինը հայտարարել էր, որ եթե Խորվաթիան փակի սահմանային անցակետերը, Բելգրադը կպահանջի «պաշտպանել իր տնտեսական և այլ շահերը միջազգային դատարաններում»:

Սլովենիայի ՆԳՆ փոխղեկավար Բոշտիան Շեֆիցն իր հերթին հայտարարել է, որ Խորվաթիան պետք է իր տարածքում պահի փախստականների մեծ մասին, որոնք ժամանում են այդ երկիր: Ըստ Շեֆիցի, Սլովենիա ժամանող փախստականներն ըստ օրենքի պետք է ապաստան խնդրեն, իսկ եթե նման կարգավիճակ շնորհելու համար պայմաններ չկան, ապա 48 ժամում այդ մարդկանց պետք է վերադարձնել Խորվաթիա: Ում կթույլատրվի մնալ, նրանք կտեղավորվեն ընդունման կենտրոններում:

Մինչդեռ Գերմանիայի հատուկ ծառայությունները հայտարարում են, որ ծայրահեղական իսլամիստները փորձում են փախստականների թվից սուննի մահմեդականներին ներգրավել իրենց շարքերը, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության վրա հղումով:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են սալաֆիտները գործում օգնականների և կամավորների տեսքով: Նրանք միտումնավոր շփում են հաստատում միգրանտների հետ և հրավիրում են նրանց որոշակի մզկիթներ` անդամագրելով իրենց նպատակների համար»,-ասել է տեղական Rheinische Post թերթին տված հարցազրույցում BfV ղեկավար Հանս Գեորգ Մաասենը:

Ապօրինի փախստականների քանակը Գերմանիայում մեկ օրում աճել է 2 անգամ` կազմելով 7266 մարդ, հայտարարել է ոստիկանությունը: Գերմանիայում նոր բաշխիչ կենտրոններ են ստեղծվում փախստականների գրանցման և ընդունման համար: Սեպտեմբերի սկզբից Գերմանիան ընդունել է մոտ 100 հազար փախստականի: Կանցլեր Մերկելը հայտարարել էր, որ մինչև տարվերջ նրանց քանակը կարող է հասնել 800 հազարի, իսկ այժմ արդեն խոսքը գնում է 1 մլն մարդու մասին:

Գործակալությունը նշում է, որ ըստ հատուկ ծառայությունների տվյալնեի, ռիսկը, որ փախստականների հետ Եվրոպա են ներթափանցում նաև ԻՊ գրոհայիններ, այնքան մեծ չէ, որքան կարծում են որոշ քաղաքական գործիչներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչդեռ եվրոպացիներից առավել Մերձավոր Արևելքից ժամանող փախստականներին ուրախ չեն հենց նրանց նախկին համերկրացիները, նրանք, ովքեր Եվրոպա են եկել գաղթի առաջին հոսքի ժամանակ։ Նրանք վախենում են, որ իրենց կարող են հետ ուղարկել պատմական հայրենիք։ Եվ արտաքսումից պաշտպանվելու համար իսլամից անցում են կատարում քրիստոնեության, հայտնում է ռուսական НТВ հեռուստաալիքը: Այս տարվա ընթացքում միայն Բեռլինի եկեղեցում քրիստոնեություն են ընդունել 600 իրանցիներ և Աֆղանստանից եկածներ, հայտնում է НТВ-ն։

Բեռլինի Սբ Երրորդություն ավետարանական-լյութերական եկեղեցու հովիվ Գոթֆրիդ Մարտենսը նշում է, որ չի կարելի խառնել պատճառներն ու հետևանքները։«Շատերը ժամանել են այստեղ, որպեսզի ազատ քրիստոնեություն դավանեն, այլ ոչ թե քրիստոնյա են դարձել՝ այստեղ մնալու համար։ Ո՛չ։ Եվ այժմ այստեղ այնպիսի կարգ է, որը բացառում է բոլոր ցանկացողներին արագ և հեշտությամբ կնքելը»,- նշել է հոգևոր սպասավորը, հայտնում է Tert.am-ը:

Եվրոպական եկեղեցիներում անվստահությամբ են նայում նոր այցելուներին։ Եվ մահմեդականների նման զանգվածային հոսքն անվանում են հերթական քայլն օգնություն ստանալու համար, կամ պահեստային տարբերակ այն ժամանակվա համար, երբ կավարտվի պատերազմը և անհրաժեշտ կլինի հայրենիք վերադառնալ։ Սակայն, օրինակ, Իրանը՝ այդ ծայրահեղ իսլամական երկիրը, դժվար թե ջերմությամբ ընդունի քրիստոնյաներին, ովքեր հրաժարվել են իսլամից, հայտնում է հեռուստաալիքը։

ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---