Պողոսյան. ԱԺ նախագահը լիազորությունների ամբողջ ժամկետով չի ընտրվի, դրույթը կհանվի նախագծից

Պողոսյան. ԱԺ նախագահը լիազորությունների ամբողջ ժամկետով չի ընտրվի, դրույթը կհանվի նախագծից

PanARMENIAN.Net - Սահմանդրության փոփոխությունների նախագծում այն դրույթը, ըստ որի, Ազգային ժողովի նախագահը ընտրվում է իր լիազորությունների ամբողջ ժամկետով, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հանելու է նախագծից: Այդ մասին սեպտեմբերի 18-ի ԱԺ-ի նիստին նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Սահամանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք դա հանում ենք, և Ազգային ժողովի նախագահը ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ և կարող է փոփոխվել, եթե կորցնում է իր վստահությունը Ազգային ժողովում», - ասել է Պողոսյանը, մեջներում է Panorama.am-ը:

Դրույթը նախագծի ընդդիմախոսների, հատկապես ՀԱԿ-ի դժգոհությունն էր առաջացրել, և նրանք հայտարարում էին, թե փորձ է արվում ստեղծել Ազգային ժողովի գերհզոր նախագահ:

«Մտածեք թե այս դեպքում ինչ տեսություններ պետք է հորինվի, որպեսզի ապացուցվի այն թեզը, որ ԱԺ նախագահն է ղեկավարելու երկիրը», - դիմելով դրույթի ընդդիմախոսներին` հավելել է Պողոսյանը:

Նիստին նախագահի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը ԱԺ-ում քվեարկության կդրվի հոկտեմբերի 5-ին:

Պողոսյանի խոսքով՝ մինչ այդ Սահմանադրության բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կքննարկի պատգամավորների ներկայացրած առաջարկությունները:

Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը ներկայացվելուց հետո խորհրդարանում քվեարկության կդրվի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը»:

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 18-ի ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է, որ նիստին քննարկվել է նաև սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների ընթացքն ու արդյունքը:

Շարմազանովը հայտարարել է, որ խորհրդարանում քննարկումները ցույց են տվել, որ առկա քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը դրական վերաբերմունք է արտահայտել սահմանադրական փոփոխությունների հաստատմանը, գրում է Tert.am-ը:

«Չի եղել մի քաղաքական ուժ և խմբակցություն, որը չմասնակցեր սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկմանը», - ասել է նա՝ հավելելով, որ իհարկե կլինեն և՛ դեմ, և՛ կողմ արտահայտվողներ, բայց ընդհանուր առմամբ քննարկումները կառուցողական էին:

Շարմազանովի խոսքով՝ քննարկումներին 50 ելույթ է եղել, որից 30-ը՝ ՀՀԿ-ականների:

Նա նշել է, որ խորհրդարանում կա քաղաքական կոնսոլիդացիա:

Սահամանդրության նախագիծը ԱԺ-ն կշարունակի քննարկել նաև արտահերթ նիստում: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով ՀՀ Նախագահի նախաձեռնած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը (քննարկման շարունակություն):

Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին քվեարկությամբ հաստատել է և օրակարգ ներառել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել:

Հրապարակված Սահամանդրության նախագծի 5-րդ գլուխը վերաբերում է Հանրապետության նախագահին: Ըստ դրա, Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով (գործող Սահմանադրությամբ 5 տարով է): Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ (ներկայիս երկու անգամվա փոխարեն):Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որի կազմում Ազգային ժողովի պատգամավորներ են և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից: Սահմանադրության 4-րդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովին: Ըստ փոփոխված տարբերակի՝ ԱԺ կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից (գործող Սահմանադրությամբ 131 է): Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին: Խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով: (գործող Սահմանադրությամբ ընտրակարգերը երկուսն էին՝ համամասնական ու մեծամասնական): Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---