Սյունիքում ինժեներական 4 լաբորատորիա է բացվել. Կներգրավվի մոտ 50 աշակերտ

Սյունիքում ինժեներական 4 լաբորատորիա է բացվել. Կներգրավվի մոտ 50 աշակերտ

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Հալիձոր և Շինուհայր համայնքների դպրոցներում նոր ուսումնական տարվանից սկսած՝ ինժեներական լաբորատորիաներ կգործեն, որոնք հիմնադրվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին Տաթև համայնքնի դպրոցում, որին ներկա էին ԼՂՀ կառավարության, մարզային և տեղական իշխանությունների, մարզում ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մյուս երեք լաբորատորիայի ուսուցչական կազմն ու աշակերտները:

Նորաստեղծ չորս լաբորատորիայում ընդհանուր առմամբ ներգրավված կլինի մոտ 50 աշակերտ, ուսուցիչները նույնպես ընտրվել են համապատասխան մասնագիտական կրթություն և հմտություններ ունեցող տեղաբնակ մասնագետներից, տեղեկացնում է IdeA-ն:

Մայրաքաղաքում և մարզերում արդեն գործում են ավելի քան 80 ռոբոտաշինական խմբակ, որոնցից 10-ը կահավորված են «Նաիրի» լաբորատորիաներով:

Լաբորատորիաների հիմնումը աշակերտներին հնարավորություն է տալիս ժամանակակից ինժեներական հմտություններ ձեռք բերել, ինչպես նաև նպաստում է երեխաների տեխնոլոգիական մտածողության զարգացմանն ու հետագա մասնագիտական կողմնորոշմանը:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության այս նախաձեռնությունը հետաքրքիր է ու շատ կարևոր՝ հեռավոր համայնքներում բնակվող երեխաների համար: Նման լաբորատորիաների առկայությունը նաև հետաքրքրություն է առաջացնում ինժեներական մասնագիտության նկատմամբ, որի պահանջարկը ներկայումս շուկայում բավականին մեծ է: IDeA հիմնադրամը մեծ նշանակություն է տալիս ծրագրում ընդգրկված համայնքների սոցիալ-տնտեսական և կրթական բաղադրիչի զարգացմանը: Համոզված ենք, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով լուրջ արդյունքների կհասնենք», - նշել է հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ միությունն իր առջև խնդիր է դրել ի հայտ բերել ինժեներական հակում ունեցող երիտասարդներին, ովքեր կհիմնեն տեխնոլոգիական ընկերություններ և հնարավորություն կունենան սեփական գյուղում զբաղվել սիրած գործով: Այդ նպատակին ուղղված հիմնական քայլը համայնքների միջև կապ հաստատելն է, որն էլ ապահովվելու է հարևան 4 համայնքներում ներդրված ինժեներական լաբորատորիաների ցանցի միջոցով:

«Ռոբոտաշինության ոլորտում մեր ունեցած փորձը թույլ տվեց համոզվել, որ այսօր մարզերում է գտնվում մեր մտավոր ռեսուրսի հիմնական մասը», - ասել է Վարդանյանը:

Ուշագրավ է, որ լաբորատորիայում տեղադրված «Գուգարք» մինի-համակարգիչները՝ իրենց օպերացիոն համակարգերով, եռաչափ տպիչը և մնացած բոլոր սարքերն արտադրված են Հայաստանում, ինչը նպատակ ունի երեխաների շրջանում ամրապնդել «Արտադրված է Հայաստանում» կարգախոսը:

Հայաստանի հանրակրթական բոլոր հաստատություններում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը նախաձեռնել է ԻՏՁՄ-ն:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000-ին՝ որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով: Միությունն արդեն միավորում է ՏՏ ոլորտի մոտ 70 կազմակերպություն, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հիմնվել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից՝ Հայաստանում սոցիալական ձեռներեցությանը, տարածքային զարգացմանը, կրթությանն ու բարեգործությանն աջակցելու նպատակով։ Հիմնադրամը ներդրումներ է կատարում երկարաժամկետ այնպիսի նախաձեռնություններում, որոնք ունակ են անցնելու ինքնաֆինանսավորման և հանգեցնելու սոցիալական ու տնտեսական շոշափելի արդյունքի։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---