ԱՄՆ-ՀՀ կապերն ամուր են և երկարատև. Օբաման և գործընկերները շնորհավորում են ՀՀ անկախությունը

ԱՄՆ-ՀՀ կապերն ամուր են և երկարատև. Օբաման և գործընկերները շնորհավորում են ՀՀ անկախությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

ՀՀ Անկախության տոնի առթիվ Սարգսյանին ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

«Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև: Հայ ժողովրդի տոկունության, հյուրասիրության և ստեղծարարության շնորհիվ դուք արժանացել եք աշխարհում շատերի հիացմունքին, որոնց թվում է նաև Միացյալ Նահանգները: Հայաստանը կարևոր գործընկեր է, որի հետ մենք կիսում ենք դինամիկ և ընդլայնվող օրակարգ», - ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:

Օբամայի խոսքով՝ ԱՄՆ-ն երախտապարտ է խաղաղապահ գործողություններին, այդ թվում՝ Լիբանանում և Կոսովոյում, Հայաստանի աջակցության համար: Նախագահն ողջունել է նաև 2015-ի ԱՄՆ-Հայաստան առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի ստեղծումը, որն էլ, ըստ Օբամայի, ավելի կամրապնդի երկու երկրների միջև եղած տնտեսական կապերը:

Տոնի առթիվ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Գոհունակությամբ եմ նշում, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով: Բարձր ենք գնահատում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում փոխշահավետ գործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հայ գործընկերների տրամադրվածությունը: Կցանկանայի հաստատել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս Հայաստանին օգնություն ցուցաբերել արդիական սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում», - մասնավորապես ասված է ուղերձում:

Պուտինը նշել է, որ վստահ է, թե համատեղ ջանքերով երկրները կապահովոն բազմաբնույթ դաշնակցային կապերի և տարածաշրջանային գործերում կառուցողական փոխգործակցության հետագա զարգացումը:

Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Կցանկանայի վերստին հավաստիացնել Ձեզ, որ համակված հայ ժողովրդի հետ ունեցած առանձնահատուկ կապերով, Ֆրանսիան կշարունակի իր բարեկամությունը, համերաշխությունը և օժանդակությունն ի սպաս բերել Հայաստանին: Մասնավորապես, որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան վճռականորեն կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր միջնորդական ջանքերը՝ հուսալով, որ 2014-ի հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթնաժողովի առաջխաղացումները կնպաստեն հարցի շուտափույթ լուծմանը»,-ասված է նախագահի ուղերձում:

Օլանդի խոսքով՝ երջանիկ է, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման առիթով Երևանում էր՝ հայ ժողովրդի հետ միասին:

Ըստ նախագահի՝ խոհականության և միասնության մթնոլորտում անցկացված ոգեկոչման հուզիչ արարողությունը ցույց է տել լավագույն ապագա կերտելու Հայաստանի կամքը՝ առանց մոռացության մատնելու պատմական ողբերգությունները:

Շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

«Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին հետագա ջանքեր ներդնել՝ դրանք հետևողականորեն առաջ մղելու նոր մակարդակի: Ձեր երկրին մաղթում եմ բարգավաճում, իսկ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն», - ասված է նախագահի ուղերձում:

Տոնի առթիվ ՀՀ նախագահին ուղղված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում ասված է. «Ինձ համար մեծ հաճույք է շնորհավորել Ձեզ Ազգային օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները՝ մաղթելով երջանկություն ու բարգավաճ ապագա»:

Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Այս՝ Ձեր երկրի համար նշանակալի ոգեկոչմանը Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին: Մեր երկու երկրների միջև սերտ և փոխվստահելի հարաբերությունները Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր արագ և բազմակողմանի զարգացում են ապրել: Դրա լավագույն օրինակը երկկողմ սերտ շփումներն են մշակույթի և գիտության ոլորտներում»:

Գաուկի խոսքով՝ արտաքին քաղաքական ոլորտում Գերմանիան սատարում է Հայաստանի պատրաստակամությունը՝ Արևելյան գործընկերության շրջանակում շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը: Ըստ նրա՝ դրանով Հայաստանը ցույց է տալիս, որ Եվրամիության, ինչպես նաև ՌԴ ու եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների միաժամանակյա սերտացումը հնարավոր է:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ լուծումը, ինչպես նաև հայ-թուրքական փոխըմբռնումն իմ սրտի ցանկությունն են: Գերմանիան երկու հարցերում էլ կշարունակի երկխոսությանը սատարելու իր ջանքերը», - եզրափակել է նախագահը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր շնորհավորապական ուղերձում նծել է, որ կորցնելով պետականությունը` հայ ժողովուրդը հարյուրամյակներ շարունակ ենթարկվել է բազում փորձությունների, դիմակայել թշնամիների ոտնձգություններին ու կրել ծանր զրկանքներ: Սակայն նա երբեք չի հուսալքվել, չի կորցրել ազգային ինքնությունը, հավատն ու լեզուն և պահ անգամ չի հրաժարվել իր նպատակներից:

«Այդ նպատակներն իրականություն դարձան 1991-ին, երբ հայկական հինավուրց հողի վրա վերականգնվեց անկախ պետականությունը: Դա մեր ժողովրդի փրկության ճանապարհն էր, հաղթանակների ու ձեռքբերումների, կայացման ու ինքնահաստատման ուղին, որը նա անցնում է արժանապատվորեն` իր միասնականության ու անսասան ոգու շնորհիվ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, օր օրի ամրապնդելով ու զորացնելով հայրենի երկիրը և կերտելով իր հուսալի ապագան», - ասել է ԼՂՀ նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը, Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը, Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին, Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Պիթեր Քոսգրովը, Սինգապուրի Հանրապետության նախագահ Թոնի Թան Քենգ Յամը, Իրաքի Հանրապետության նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումը:

Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ:

ՀՀանկախության 24-րդ տարեդարձը շնորհավորել է նաև

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի անկախությունը, որը ձեռք է բերվել 24 տարի առաջ։ Շնորհավորում եմ իմ բոլոր հայ ընկերներին այս ազգային տոնի առթիվ»։

1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը:

Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին: Քաղաքացիների 95%-ը, որոնք ունեին ձայնի իրավունք, «այո» ասացին անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---