Հոլանդիան մշտապես արծարծում է «հայկական հարցը» ինչպես ԵՄ շրջանակներում, այնպես էլ Թուրքիայի հետ շփումներում

PanARMENIAN.Net - Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON) հանդիպել է Հոլանդիայի ներգաղթի եւ ինտեգրման նախարար Ռիտա Վերդոնկի հետ: Ինչպես Pan.ARMENIAN.Net-ին են հաղորդել FAON-ում, հանդիպման պատճառը այն հուզումներն էին, որոնք եղան կուսակցական ցուցակներից Հայոց ցեղասպանությունը ժխտող երեք թեկնածուների` էթնիկ թուրքերի հեռացնելուց հետո: Հանդիպման ընթացքում Ռիտա Վերդոնկը հայտարարել է, որ հոլանդական կառավարությունը միշտ արծարծում է «հայկական հարցը» ինչպես ԵՄ շրջանակներում, այնպես էլ Թուրքիայի հետ երկկողմ շփումներում: FAON-ի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Նիդերլանդների թուրքերը միակողմանի են ծանոթ պատմական փաստերին, ինչը խանգարում է նրանց ինտեգրմանը հոլանդական հասարակության մեջ: Ավելին, ներկայիս թուրքական օրենսդրությունը փաստորեն անհնար է դարձնում Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնականից տարբերվող կարծիքի առկայությունը նույնիսկ Հոլանդիայում բնակվող թուրքերի մոտ: Այդ կապակցությամբ FAON-ը կոչ է արել ներգաղթի եւ ինտեգրման նախարարին ներառել այս հարցը կրթական ծրագրում, որտեղ օբյեկտիվ նյութերի միջոցով Հոլոքոսթի եւ այլ ցեղասպանությունների հետ միասին կարծարծվի նաեւ Հայոց ցեղասպանության պատմությունը: Ռ.Վերդոնկը խոստացել է, որ կփոխանցի FAON-ի առաջարկը իր գործընկերներին կրթական, մշակութային եւ գիտական հաստատություններից: Բացի այդ, FAON-ի ներկայացուցիչը կոչ է արել Հոլանդիայի կառավարությանը որոշակի միջոցներ ձեռնարկել ինտերնետ-կայքերում Հայոց ցեղասպանության մերժման, ժխտման եւ արդարացման դեմ, ինչպես նաեւ այն հակերների դեմ, որոնք փորձում են շարքից հանել հոլանդական եւ հայկական կայքերը: Ռ.Վերդոնկը խոստացել է կոչ անել Ինտերնետում խտրականության գծով հոլանդական բյուրոյին կանխել հայերի հանդեպ խտրականության ցանկացած ձեւերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---