Հունգարիայի խորհրդարանը թույլատրել է «ոչ մահաբեր» զենք կիրառել ներգաղթյալներին «զսպելու» համար

Հունգարիայի խորհրդարանը թույլատրել է «ոչ մահաբեր» զենք կիրառել ներգաղթյալներին «զսպելու» համար

PanARMENIAN.Net - Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել մի օրենքի, որով թույլատրվում է բանակին ներգրավել ներգաղթյալների ճգնաժամի հանգուցալուծման գործընթացում:

Ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանը զգալիորեն խստացրել էր միգրացիոն օրենսդրությունը`որպես պատիժ ազատազրկումը սահմանելով երկրի սահմաններն ապօրինի հատելու համար: Միգրանտների չվերահսկվող հոսքը կասեցնելու նպատակով Հունգարիան արդեն փշալարերով փակել է Սերբիայի հետ սահմանը, նույնանման պատնեշ կառուցվում է Խորվաթիայի հետ սահմանին:

Տարեսկզբից Հունգարիա է մուտք գործել մոտ 200 հազար ներգաղթյալ, որոնց շարքերն ամեն օր համալրվում են հազարավոր նոր փախստականներով, որոնք ձգտում են հասնել Եվրամիության երկրներ, առաջին հերթին Գերմանիա:

ՄԱԿ Փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչության Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ներկայացուցիչ և տարածաշրջանային համակարգող Բերնարդ Դոյլը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն ու Կենտրոնական Ասիայի երկրները կարող են զգալի օգնություն ցուցաբերել Եվրոպայում փախստականների հետ կապված իրավիճակում:

«Կենտրոնական Ասիայի երկրները կարող են կարևոր դեր ունենալ այս իրավիճակում»,-ասել է նա: Ըստ Դոյլի, որն Աստանայում մասնակցում է Փախստականների պաշտպանության և միջազգային միգրացիայի ալմաաթյան գործընթացի բարձրագույն պաշտոնյաների երկրորդ հանդիպմանը, Կենտրոնական Ասիայի երկրները «տեխնիկական փորձաքննություն ունեն փախստականների հարցերի լուծման վերաբերյալ, ինչը ևս կարող է օգտակար լինել Եվրոպայի երկրներին օգնելու հարցում», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշել է պաշտոնյան, Ռուսաստանը «ևս կարող է հարցի լուծման ուղիներ առաջարկել»: «Ռուսաստանը ԱԽ մշտական անդամ է և կարևոր միջազգային դերակատար: Եվ Ռուսաստանը, ինչպես և մյուս երկրները, ևս պատասխանատու է խնդիրը հայտանբերելու և պատճառը վերացնելու հարցում»,-ասել է նա:

Դոյլը վստահություն է հայտնել, որ բուն ՌԴ և Կենտրոնական Ասիայի համար Եվրոպայից փախստականների ներհոսքի վտանգ չկա: «Պատմականորեն ապացուցված է, որ փախստականների ճգնաժամ կարող է առաջանալ ամենուր և երբ ասես: Անկախության առաջին տարիներին Կենտրոնական Ասիայի երկրներն ընդունում էին հարյուր հազարավոր փախստականների: Նույնը ճշմարիտ է նաև ՌԴ դեպքում, որը բավականին հեռու է այն երկրներից, որտեղից գալիս է փախստականների հիմնական հոսքը»,-ասել է Դոյլը:

Մինչդեռ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը Le Soir-ում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ ժամանակն է խոստովանել, որ Եվրամիությունը չի կարող ընդունել բոլոր տնտեսական միգրանտներին:

«Ժամանակն է ազնվորեն ասել, որ ԵՄ-ն չի կարող բաց պահել դռները բոլոր տնտեսական ներգաղթյալների համար»,-ասել է Ֆաբիուսը: Ֆրանսիան սատարում է Եվրահանձնաժողովի առաջարկին` «անվտանգ պետությունների» եվրոպական ցանկի ստեղծման վերաբերյալ, որտեղ չկան ռազմական հակամարտություններ: Այդ երկրներից ներգաղթող բոլոր փախստականները կորակվեն որպես տնտեսական միգրանտներ, այն դեպքում, երբ փախստականի կարգավիճակ կշնորհվի այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռազմական հակամարտություն կա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---