12  22.09.15 - ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ Կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակի և Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության կազմակերպած մեկօրյա գործարար համաժողովը՝ նվիրված ֆրենչայզինգին

Ջրբաշյան. ՀՀ-ի բիզնես միջավայրը բարենպաստ է ֆրենչայզինգային գործարքների համար

Ջրբաշյան. ՀՀ-ի բիզնես միջավայրը  բարենպաստ է ֆրենչայզինգային գործարքների համար

PanARMENIAN.Net - Երևանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ Կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության հետ համատեղ սեպտեմբերի 22-ին կազմակերպել էին մեկօրյա գործարար համաժողով՝ նվիրված ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին:

Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև խորացող գործարար կապերի ամրապնդման նպատակով համաժողովը ներկայացրեց ԱՄՆ ֆրենչայզինգային ձեռնարկությունները, որոնք թեև նոր են մուտք գործում հայկական շուկա, սակայն տարածաշրջանի այլ վայրերում արդեն հաջող տնտեսավարման փորձ ունեն: Համաժողովը նոր բիզնես հիմնելու հեռանկարներ փնտրող հայաստանյան գործարարներին ներկայացրեց ֆրենչայզինգային հնարավորությունները:

Միջոցառման համակազմակերպիչ Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ ֆրենչայզինգային ձևաչափն ամենաքիչ ռիսկային տարբերակն է, որը հնարավորություն է ընձեռում արտասահմանյան ընկերություններին մուտք գործել հայկական շուկա և հասկանալ դրա առանձնահատկությունները, իսկ տեղական ներդրողներին՝ ներգրավել կայացած և հաջողակ բիզնես տեխնոլոգիաներ:

«Ֆրենչայզինգային ներդրումն իր էությամբ ոչ միայն կապիտալի ներհոսք է: Այդպիսի գործարքի դեպքում ֆրենչայզերը, առաջին հերթին, ներդնում է տեխնոլոգիաներ, արտադրանք, ծառայություններ, կապիտալ չի ներդնում, կապիտալը ներդնում է ֆրենչայզինգային պայմանագրի մյուս կողմը: Այդ իսկ պատճառով ֆրենչայզինգային գործարքն աշխարհում առաջին ներդրումային տեսակն է համարվում, որի դեպքում կապիտալի ռիսկը նվազում է, զրոյի հասնում: Դրա համար, կարծում են՝ այդ գործարքները մի կողմից նվազ ռիսկով ներդրումներ են Հայաստանի համար, մյուս՝ հնարավորություն կիրառել, ներմուծել այն բոլոր տեխնոլոգիաները, բրենդերը, բիզնես պրոցեսները, որոնք նորմալ աշխատում են համաշխարհային տնտեսության մեջ», - ասաց Տիգրան Ջրբաշյանը՝ պատասխանելով Հայաստանում ֆրենչայզինգային ծրագրերի իրականացման հնարավորությունների ու ռիսկերի մասին PanARMENIAN.Net ի հարցին:

Նրա խոսքով՝ երկրում տնտեսական իրավիճակն ու միջազգային շուկայում ներկայացվածությունը նպաստում է գործարքների քանակին ու խորությանը, և դա այն խնդիրն է, որ Հայաստանը պետք է լուծի:

Այս համատեքստում Տիգրան Ջրբաշյանն ընդգծեց, որ ֆրենչայզինգի համար բիզնես միջավայրը Հայաստանում բավական բարենպաստ է, և գործարքներ են կատարվում բոլոր հիմնական ուղղություններով: Միաժամանակ, նա նշեց, որ ոչ բոլոր նախագծերը, բրենդերը կարող են Հայաստանում աշխատել, այդ պատճառով ֆրենչայզերները պետք է խորն ուսումնասիրություն անցկացնեն, հասկանան տվյալ բրենդի համար ձեռնտու ոլորտը:

Անդրադառնալով ֆրենչայզինգային ոլորտի հայաստանյան շուկայի առավելություններին, Ջրբաշյանը նշեց, որ ֆրենչայզինգն այնտեղ է գալիս, որտեղ պաշտպանված են ինտելեկտուալ սեփականության իրավունքները:

«Դժվար է իրականացնել գործարք, երբ նույն անվան տակ առանց ֆրենչայզինգային գործարքի կարող է խանութ բացվել: Կարծում եմ՝ Հայաստանում ինտելեկտուալ սեփականության պաշտպանության ոլորտը որոշակի բարեփոխումներից հետո հասել է այն մակարդակի, որը թույլ է տալիս ֆրենչայզինգային ոլորտի ընկերություններին հետաքրքրվել երկրի շուկայով», - ասաց նա:

ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսի խոսքով՝ համաժողովի արդյունքում սկիզբ կառնեն բազմաթիվ հաջող ձեռնարկներ:

«Հուսով եմ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կկարողանա հող նախապատրաստել հայաստանյան գործարարների և ամերիկյան կորպորացիաների միջև կապերի ձևավորման համար, ապա մենք կարող ենք հետ քաշվել, և դուք արդեն կանեք այն, ինչ ձեզ մոտ լավ է ստացվում՝ զարգացնել բիզնեսը» - ասաց հավատարմատարը՝ հավելելով, որ ֆրենչայզինգին նվիրված այս համաժողովը հիմք կդառնա տնտեսական աճի համար:

Համաժողովին ներկա էին երկու ամերիկյան կորպորացիայի՝ Papa John’s Pizza-ի և Tutti-Frutti Frozen Yogurts-ի ներկայացուցիչները, ովքեր ժամանել էին Երևան համաժողովի մասնակիցներին ներկայացնելու հնարավոր ֆրենչայզինգային ներդրումները Հայաստանում:

Այս միջոցառումը մասնակիցների համար արժևորվում է նրանով, որ նրանք կարողացան վաղօրոք տեղեկանալ հայտնի բրենդերի հայաստանյան շուկա մուտք գործելու պատրաստակամության մասին:

Համաժողովին մասնակցում էին 50-ից ավելի ընկերության ներկայացուցիչներ ու ձեռներեցներ: Ամերիկյան ընկերությունների կողմից ֆրենչայզինգային պայմանների մասին ելույթներից բացի, զեկույցներ ընթերցվեցին նաև տեղական հայտնի կազմակերպությունների բիզնեսի, իրավական ու ֆինանսական հարցերի շուրջ:

Միջոցառումը կազմակերպվել էր գործարար հարաբերութուններին զարկ տալու ճանապարհով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կոմերցիոն հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու նպատակով: Ընթացքում նաև շեշտադրվեց մտավոր սեփականության իրավունքը` Հայաստանում ֆրենչայզինգի հետագա զարգացման համատեքստում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---