ԱՄՆ Կոնգրեսի խոսնակին մեղադրում են Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեջ

ԱՄՆ Կոնգրեսի խոսնակին մեղադրում են Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ, հանրապետականների առաջնորդ Ջոն Բոները հայտարարել է, որ հեռանում է իր պաշտոնից, իսկ մինչ հոկտեմբերի վերջը կհեռանա նաև Կոնգրեսից, հայտնել է CNN-ը:

Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Ջոն Բոների հրաժարականի պատճառներից մեկը մի խումբ կոնգրեսականների այցն էր Ադրբեջան 2013-ի մայիսին: Այդ այցելության նախաձեռնողը ոչ կառավարական կազմակերպություն էր, սակայն, հետագայում պարզվեց, որ այն ֆինանսավորվել է ադրբեջանական SOCAR ընկերության կողմից:

Ըստ Կոնգրեսի օրենսդրության, խորհրդարանականները նման ուղևորությունները պետք է համաձայնեցնեն էթիկայի հանձնախմբի հետ: Այս հարցի շուրջ սկանդալը դեռ չի մարել, թեև Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնախումբը խախտումներ չհայտնաբերեց: Այժմ, ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, Բոների պաշտոնանկությունից հետո հնարավոր է նոր հետաքննություն սկսվի:

Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարություն տարածեց` ԱՄՆ կոնգրեսականների այցերը Ադրբեջանի կողմից ֆինանսավորման մասին ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի բյուրոյի զեկույցը հրապարակելու պահանջով:

Ինչպես հայտարարել էր կոմիտեն, կոնգրեսականները թույլտվություն են ստացել մեկնելու այդ երկիր և չեն իմացել, որ բոլոր ծախսերը հոգալու են տեղի իշխանությունները: Կոմիտեի զեկույցում ասվում է, որ երբ Ներկայացուցիչների պալատի անդամը նվեր ստանալու գրավոր թույլտվություն է ստանում (որպես նվեր կարող է դիտարկվել նաև արտասահմանյան ուղևորությունը), ապա հետագայում դա պաշտպանում է նրան կոմիտեի կողմից որևէ գործողություններից:

Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ Բոների այս որոշումը կապված է պահպանողականների կողմից նրա հանդեպ ճնշման սաստկացմամբ: Սեպտեմբերի 25-ին հանրապետականների հավաքում Բոները, որը գլխավորում է Ներկայացուցիչների պալատը 2011-ից, հայտարարեց, որ իր պաշտոնանկության պատճառներից մեկը բազմաթիվ սկանդալներն էին Կոնգրեսում: Բոները կարծում է, որ այդ սկանդալների ֆոնի վրա իր երկարատաև պաշտոնավարումը կարող է անդառնալի վնաս հասցնել խորհրդարանի հեղինակությանը, հայտնում է haqqin.az-ը:

Ըստ Բոներին մոտ աղբյուրի, իր որոշման մասին նա սկզբից հայտնել էր մերձավոր կողմնակիցներին: Միայն Հռոմի պապի հետ հանդիպումից հետո հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ:

Հակակոռուպցիոն օրենքն արգելում է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին նվերներ ընդունել այն երկրների կառավարություններից և ուղևորություններ կատարել նրանց հաշվին՝ թույլ չտալու համար արտաքին ազդեցություն ԱՄՆ քաղաքականության վրա:

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, լոբբիստական ֆիրման Հյուսթոնից, որն ԱՄՆ-ում աշխատում է Ադրբեջանի կառավարության շահերը ներկայացնելով, և որը կազմակերպել էր կոնգրեսականների ուղևորությունը Բաքու, ներկայացել է որպես միջոցառման գլխավոր հովանավոր և չի հայտնել, որ այն ֆինանսավորվում է Պետական նավթային ընկերության կողմից: Այդ ֆիրմայի ղեկավարը հրաժարվել է ելույթ ունենալ կոմիտեում, օգտվել ԱՄՆ սահմանադրության 5-րդ ուղղումով, որը թույլ է տալիս մարդկանց վկայություն չտալ սեփական անձի դեմ:

Քննությունն այս գործով սկսվել էր 2015-ի մայիսին, Washington Post-ի հրապարակումից հետո, որտեղ ասվում էր, որ ադրբեջանական նավթային ընկերությունը մոտ $750 ծախսել ամերիկացի հյուրերի վրա:

Ամեն ինչ սկսվեց, երբ Ադրբեջանը 2001-ին դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, իսկ 2005-ին, երբ ավարտվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումն ու գանձարանը նավթադոլարներ սկսեց ստանալ, «խավիարային քաղաքականությունը» գործարկվեց արդեն ամբողջ թափով: «Խավիարի 1 կգ արժեքը 1300-1400 եվրո է: ԵԽԽՎ-ում մեր բարեկամներից յուրաքանչյուրը տարին 4 անգամ առնվազն 0,4-0,6 կգ խավիար է ստանում: Խավիար ստացող երկրի հիմնական բարեկամները 10-12 են: Եվս 3-4-ը կան քարտուղարությունում: ԵԽԽՎ յուրաքանչյուր նստաշրջանին միշտ խավիար է նվիրաբերվում: Սակայն Բաքու այցելությունների ժամանակ նվիրաբերվում են նաև շատ այլ բաներ: Պատգամավորներից շատերը հաճախ հրավիրվում են Ադրբեջան, նրանց այցերը շռայլորեն են վարձատրվում:

Սովորական տարիներին հրավիրվում է առնվազն 30-40 մարդ, ոմանք՝ բազում անգամներ: Խորհրդարանականներին հրավիրում են խորհրդաժողովների, միջոցառումների, ամառային արձակուրդն Ադրբեջանում անցկացնելու: Արձակուրդը ենթադրում է նաև բազում թանկարժեք նվերներ, հիմնականում մետաքսե գորգեր, ոսկյա ու արծաթյա իրեր, խմիչք, խավիար ու փող: Բաքվում սովորական նվեր է համարվում 2 կգ խավիարը»,-հայտարարեց այն ժամանակ աղբյուրը վերլուծական կենտրոնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---